Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջոըմ գրել է․
«Թերևս ապացուցված բան է, որ հայ ժողովուրդը` ազգային արժեքների և իր հերոսների նկատմամբ ոտնձգություններին խոչընդոտելու և հակազդելու, դիմադրելու և մերժելու` հիմնավոր, խորը արմատացած և ազգային պահպանողական արժեքների նկատմամբ սպառնալիքներին դիմակայելու բնատուր և գենետիկ, ենթագիտակցական խորը թաքնված հավաքական շատ հզոր իմունիտետ ունի: Իշխանափոխությունից հետո քանիցս ականատես ենք եղել իշխանության կողմից կատարվող քայլերի, որոնք հակասում են ոչ միայն պետական ինստիտուտների կայացման ռացիոնալության սկզբունքին, այլև՝ ազգային մտածելակերպին ու հայկական արժեհամակարգին ընդհանրապես։ Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը ի դեմս քայլած նախարարի որոշել է, որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու, նման նպատակ ունի ԿԳՄՍ-ում մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով կներկայացվի հանրային քննարկման:
Նախարարության մշակած նոր նախագծում առկա չէ մի դրույթ որում հստակ գրված է «անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ», ու անհասկանալի է, թե ով է որոշել, որ, ասենք, հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը մեզ անհրաժեշտ չեն, կամ՝ ուսանողները դրանից ոչ մի էական արդյունք չեն ստանում:
Ակնհայտ է, որ նախարարությունն այստեղ բավականին անհեռատես ու հակաազգային դիրքորոշում է ցուցաբերում։ Ստացվում է, որ ԿԳՄՍ-ի ձեռամբ՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներն այլևս զրկված կլինեն հայերենի և հայկականի պահպանության առանցքային ու անկյունաքարային երկու արժեքների խորքային ուսումնասիրությունից՝ պարտադիր կերպով չեն ուսումնասիրվի հայոց լեզու ու գրականություն և հայոց պատմություն առարկաները։ Այստեղ տեղին է հավելել, որ ՀՀ յուրաքանչյուր ուսանող, առանց բացառության՝ ինժեներ, ճարտարապետ, բժիշկ թե երկրաբան, պարտավոր է ունենալ սեփական ազգի ու արմատների հետ կապող այս առանցքային առարկաների մասին համապատասխան բազա։
Հ.Գ. Տեղին է հիշել, որ ժամանակին, իր կարիերայի սկզբին Արայիկը դեմ էր ՀՀ-ում օտարալեզու դպրոցների բացման գործընթացին և ամեն առիթով քննադատում էր ԿԳՆ-ի կողմից նախաձեռնած այդ գաղափարին։ Հետո, երբ արդեն բացվեցին այդ դպրոցները, մասնավորապես՝ Դիլիջանի միջազգային դպրոցը, և՛ Արայիկը, և՛ Նիկոլը պարբերաբար հպարտանում են այդ դպրոցով:
Հ.Գ.Գ. Եվ հիմա, երբ ԿԳՄՍ-ն նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, հարց է առաջանում, նախորդների արված քա՞յլն էր ապազգային ու հակահայկական, թե՞ նոր ու «թավշյա հեղափոխականների»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը