ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից:
Ներկա են եղել ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուներ:
Օրակարգում ընդգրկված էին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների արդյունքների ներկայացման և քննարկման, Կառավարության որոշմամբ հատկացված պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման, պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2019/2020 ուսումնական տարվա ընդունելության ցուցակների հաստատման հարցերը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը, նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ, որոշում է կայացրել հատկացնել հավելյալ տեղեր` ելնելով ընդունելության մրցույթում բոլոր դիմորդների համար հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից: Բոլոր դիմորդները, ովքեր անվճար համակարգ ընդունվելու համար հաղթահարել են մրցույթի անցողիկ նվազագուն շեմը և ունեն հավասար միավորներ, կընդունվեն անվճար համակարգ: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ նպատակով կհատկացվեն հավելյալ անվճար տեղեր` թափուր տեղերի վերաբաշխման հաշվին:
Ընդունող հանձնաժողովի որոշմամբ արվեստի բուհերին թույլատրվել է իրենց հատկացված անվճար տեղերի շրջանակում կատարել վերաբաշխում:
Քննարկվել են նաև կառավարության հատկացրած պահուստային տեղերի շրջանակում նպատակային ընդունելության, մասնավորապես Արցախի և Մեղրիի համար հատկացված տեղերի, ինչպես նաև «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» 105-108-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների հարցերը (զոհված զինծառայողների երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ և այլն):
Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ բուհերն ընդունելության ցուցակները կհրապարակեն հուլիսի 14-ին ժամը 20:00-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը