22 02 2019

Ուսուցիչները գործադուլ կանեն

Ուսուցիչները գործադուլ կանեն

Մի խումբ ուսուցիչներ փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին երկար տարիներ դպրոցներում փոփոխությունների բացակայության և  իրենց իրավունքները ոտնահարելու մասին:

Ուսուցիչները վրդովված են․ տասը տարի իրենց աշխատավարձերը չեն բարձրացել, չեն ստացել 13-րդ աշխատավարձ, այս տարի պարգևավճար էլ չեն ստացել, միայն Ուսուցչի տոնինեն  ստանում պարգևավճար՝ 10 կամ 20 000 դրամ։ Նրանք ցանկանում են, որ բարձրացվեն իրենց աշխատավարձերը, դասարանները համապատասխանեցվեն աշակերտների թվին, ուսուցիչներն ատեստացիա անցնեն և գործիքակազմ մշակեն՝ դպրոցը մաքրելու համար։

N 54 ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Գասպարյանը հայտնեց, որ եթե կառավարությունը չարձագանքի իրենց ահազանգին, փետրվարի 25-ին դիմելու են  Արհմիությունների կոնֆեդերացիա. «Կոնֆեդերացիային դիմելուց հետո մեկ շաբաթ կսպասենք, եթե կառավարությունը չարձագանքի, ստիպված դիմելու ենք գործադուլի»,-նշեց նա:

Իսկ N 196 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանն ասաց․ «Աշխատավարձերը չեն բարձրացնում՝ ասելով, թե գումար չկա։ Թվում է, թե բյուջեում փող չունեն միայն ուսուցչի համար, այն հարցին, թե ինչպես է, որ պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանում են, ուսուցիչներինը՝ ոչ, պատասխանն ուղղակի ցնցող էր՝ պետական աշխատողները 500-600 հոգի են, դուք՝ ուսուցիչներդ, հազարավոր»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ