Աշխարհի ավելի քան 100 երկրում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի օր: Ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է 1994 թվականից սկսած:
Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։
Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թվականին հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, որպես «Ուսուցչի տոն»: Հետագայում 2010 թվականի մայիսի 21-ի օրենքի Պ-911-21.05.2010-ԳԿ-010/0 լրացմամբ այն տոնվում է հոկտեմբերի 5-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը