11 07 2024

«Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է. Նիկոլ Փաշինյան

«Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն  է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում կայացված որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ ծրագրի բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձությունները:

«Փոխվում է այդ իրադարձությունների և երևույթների մեկնաբանման մեթոդաբանական սկզբունքը, որը դառնում է պետության հետագա գոյության, զարգացման տեսանկյունից պատմական իրողությունների վերարժևորման դիտանկյուն։ Մասնավորապես, օրինակ, այս կերպ կարող են նորովի վերագնահատվել պատմական բոլոր այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել պետության կորուստ՝ սովորողների մոտ ձևավորելով հնարավոր մարտահրավերների նկատմամբ ավելի վերլուծական, քննական հայացք, ինչպես նաև ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է, ու դա պետք է ամրապնդել։

Սովորողները հնարավորություն են ստանում նորովի վերաիմաստավորել բոլոր այն ժամանակահատվածները, երբ պետությունը և պետական համակարգը չեն գործել»,- նշեց նա։

Արձագանքելով ԿԳՄՍ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը հավելեց.

«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն  է՝ պետության գոյության դրվագներով:

Մենք մեր ռազմավարության ու քաղաքականության հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը:

Օրինակ՝ ինձ համար էլ անսպասելի, բայց ՀՀ քաղաքացիների ռեակցիան Կիրանցի հատվածում սահմանային սարքավորումների պատկերներին, հենց դրա ամենավառ ապացույցն է և այն «պետության» և «չպետության» պատկերացումներն արտահայտող պատկերներ են և սրա նկատմամբ հանրային վերաբերմունքն այս ամպլիտուդի մեջ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ