09 03 2024

Արխիվային տեսանյութ․ ի՞նչ էր խոստանում Փաշինյանը 6 տարի առաջ ուսանողներին



15․04․2018թ․՝ հեղափոխությունից օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալով, խոստացավ իշխանափոխությունից հետո բուհերը ապաքաղաքականացնել։

Նա ասաց․ «Այսօր ի՞նչ է կատարվում․ բուհի ուսանողը գնում ա հանրահավաքի թռուցիկ բաժանելու, ասում են՝ գիտե՞ք ինչ, բուհերը չքաղաքականացնենք, ժողովուրդ ջան, էս ի՞նչ եք անում, չէ՞ որ բուհը կրթական օջախ է։ Բայց ոչ մեկ չի ասում, որ, օրինակ, ԵՊՀ-ի խորհրդի նախագահը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Բա եթե չենք քաղաքականացնում, եկեք չքաղաքականացնենք։ Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո։

Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինել որևէ բուհի ռեկտոր և բոլոր բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման»։

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ոչ միայն բուհերի ապաքաղաքականացում տեղի չունեցավ, այլ հակառակը, բուհերի կառավարման խորհուրդներում ընտրվեցին ՔՊ-ականները։

Բուհերը ապաքաղաքականացնել խոստացող Նիկոլ Փաշինյանի օրոք հետևյալ պատկերն է․

  • ԵՊՀ-ում խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին փոխարինեց ՔՊ վարչության նախագահ այնուհետ անդամ, այժմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նիկոլ Փաշինյանը այդ առիթով հայտարարեց, թե ՔՊ-ականի է նշանակել, որ վստահ լինի, որ բուհը չի քաղաքականացվի։
  • ԵՊՀ ռեկտորը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակից Հովհաննես Հովհաննիսյանն է։
  • Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկինում Գալուստ Սահակյանն էր, այժմ՝ Փաշինյանի կառավարության անդամ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
  • Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում նախկինում խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն էր։ Այժմ Նիկոլ Փաշինյանի թիմակից, քաղաքաշինության կոմիտեի արդեն նախագահ Արմեն Ղուլարյանն է, անդամները՝ դարձյալ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, տարածքային կառավարման նախարարի տեղակալը, կադաստրի կոմիտեի նախագահը և այլն։
  • Բրյուսովի անվան համալսարանում ժամանակավոր խորհուրդ է, որի անդամներն են Նիկոլ Փաշինյանի թիմակիցները՝ ԿԳՄՍ նախարարը, արդարադատության նախարարի տեղակալը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Նախկինում նախագահի օգնական Ավետիս Բերբերյանն էր, ՀՀԿ անդամ չէր։
  • Բրյուսովի անվան համալսարանում ռեկտորի պաշտոնի համար իշխանությունը ուներ իր թեկնածուն՝ Դավիթ Գյուրջինյանը, որը չընտրվեց, սակայն իշխանությանը հաջողվեց ընտրված ռեկտորին հեռացնել և չընտրված Դավիթ Գյուրջինյանին նշանակել այդ պաշտոնում, որից հետո Բրյուսովում սկսեց իր դեմ ելույթ ունեցածների և ընդդիմադիր հայացքներ ունեցողների կադրային ջարդ, սկսեցին նաև քրեական գործեր հարուցել։
  • Տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկինում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էր։ Այժմ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակից, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է։
  • Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Նախկինում ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանն էր։
  • Երևանի պետական Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանն է, իսկ հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, առողջապահության նախարարի տեղակալը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ԱԳՆ խորհրդականը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականը և այլք։ Նախկինում խորհրդի նախագահն էր ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ