05 03 2022

«Իրավական ուղին» հրավիրում է տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը

«Իրավական ուղին» հրավիրում է տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը

«Իրավական ուղին» ստանձնել է «ծանր վիրավորանքի» (ՀՀ քրեական օրենսգրքի 137․1 հոդված) համար մեղադրվող շուրջ երեք տասնյակ քաղաքացիների պաշտպանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել կազմակերպությունը:

Մենք համակարծիք ենք միջազգային իրավապաշտպան կառույցների հնչեցրած այն գնահատականին, որ վիրավորանքի քրեականացումը պարարտ հող է ստեղծել իշխանությունների նկատմամբ քաղաքական քննադատությունը ճնշելու համար, և կարծում ենք, որ 137․1 հոդվածն ինքնին հակասահմանադրական է, հետևաբար իշխանությունների հասցեին հնչեցված խոսքի համար այդ հոդվածով մեղադրվող բոլոր անձինք հակաիրավական հետապնդման զոհ են։

Միևնույն ժամանակ, հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր վստահորդներից մեկի՝ գործարար Վահե Բալբաբյանի գործի առանձնահատուկ հանգամանքներին, որոնք վկայում են ոչ միայն հակաիրավական հետապնդման, այլև նյութական մեծ վնաս հասցնելու միջոցով անձին փաստացի պատժելու դիտավորության մասին։

Մեր վստահորդը 137․1 հոդվածի ներքո մեղադրվում է ֆեյսբուքյան գրառմամբ ՔՊ-ի ականավոր ներկայացուցիչներից մեկին «անասուն» անվանելու համար, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ Հայաստանից դուրս գալու արգելքը։ Մինչդեռ նա ուներ նախապես ծրագրված գործնական այց Միացյալ Թագավորություն՝ պայմանավորված Հայաստան ներդրումներ բերելու և ըստ այդմ շահույթ ստանալու հետ։

Նշվածը հաշվի առնելով՝ նախաքննական մարմնին ներկայացրել ենք միջնորդություն՝ մարտի 10-24-ը Լոնդոն մեկնելու թույլտվություն տալու կամ խափանման միջոց ստորագրությունը գրավով փոխարինելու մասին։ Սակայն վարույթն իրականացնող քննիչը մերժել է մեր միջնորդությունը՝ փաստացի խափանելով մեր վստահորդի ձեռնարկատիրական գործունեությունը և վնաս պատճառելով թե՛ նրա մասնավոր շահերին և թե՛ հանրային շահին։

Մեր համոզմամբ, գրավը լրիվ բավարար էր երաշխավորելու մեր վստահորդի վերադարձը Հայաստան, քանի որ ողջամիտ չէ ենթադրել, որ 500 հազարից 1 միլիոն ՀՀ դրամ տուգանք նախատեսող և ազատազրկում չնախատեսող, ավելին՝ Սահմանադրական դատարանում վիճարկվող հոդվածով մեղադրվող գործարարը ունի քննությունից խուսափելու՝ թեկուզ նվազագույն շարժառիթ։

Հրավիրում ենք տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը՝ «ծանր վիրավորանքի» հոդվածի իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած այս նոր տեսակի չարաշահման վրա։ Այդ կապակցությամբ պատրաստ ենք տրամադրել առավել մանրամասն տեղեկատվություն։

Միևնույն ժամանակ, մինչև մարտի 9-ը դեռ կա հնարավորություն ուղղելու իրավիճակը և կանխելու մեր վստահորդին ու մեր երկրի տնտեսությանը հասցվող վնասը, ուստի հույս ենք հայտնում, որ պատկան մարմինների, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների նորընծա պաշտպանի միջամտությամբ մեր վստահորդի տեղաշարժման ազատությունը սեղմ ժամկետում կվերականգնվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ