22 02 2022

Եթե Դուք պարզաբանելու պարտականություն չունեք, ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս․ ՀՀ երկրորդ նախագահը՝ դատավորին



«Հարգե՛լի դատարան,  ինձ համար  այդ ձևակերպումներն անհասկանալի էին  հենց մեղադրանքն առաջադրելու պահին․ երբ քննիչին ասացի՝ այս կամ այն կետն ի՞նչ է նշանակում, այս բառն ու նախադասությունը, լիազորության շրջանակի մասին, քննիչն ասաց, որ ինքը պարտավորություն չունի ինձ պարզաբանելու, և նշեց, որ  եթե ես համաձայն չեմ, ուղղակի գրեմ, որ համաձայն չեմ։ Այս ամբողջ ընթացքում, բազմաթիվ հրապարակային ելույթներում նաև, ասել եմ՝ չեմ հասկանում, թե  ինձ ինչի մեջ են մեղադրում․ դա գաղտնիք չէր։ Ինչո՞ւ եմ սրա մասին ասում․ որովհետև  Դուք ինչ-որ ակնարկ արեցիք մի անգամ, որ ժամանակին պետք է Ձեզ պարզաբանած լինեին։  Փաստաբաններին միշտ ասում էի՝  ինձ բացատրեք՝ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում , որովհետև նկարագրված չէ որևէ գործողություն, թե՝  ինչ եմ արել։ Եվ իմ փաստաբաններն ասում են, որ իրենք էլ չեն հասկանում․․․»,-  դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով Աննա Դանիբեկյանին։

«Հիմա իմ վիճակը․ փաստաբանները չեն հասկանում  և չհասկանալով պետք է ինձ պաշտպանեն։  Քննիչը համարել է, որ ինքն այդ պարտականությունը չունի․ երբ Դուք հարցը տվել եք ինձ ՝ «հասկանալի՞ է, թե՞ չէ», եթե Դուք  պարզաբանելու պարտականությունը չունեք, ինչի՞ եք ինձ այդ հարցը տալիս․ կամ այս դահլիճում եթե որևէ մեկը պարտականություն չունի ինձ պարզաբանելու, ինչի՞ եք այդ հարցը տալիս։ Ենթադրում եմ՝ օրենքի պահանջ է, ուրեմն կա այդ օրենքի բաց։ Եթե հարցը տալիս եք, ենթադրվում է , որ պատասխան պետք է լինի, բայց պատասխան չկա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում ևս պաշտպանվող կողմը պահանջեց հստակեցնել, թե ինչի մեջ են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին, չստանալով պատասխան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը՝ որպես բողոքի նշան։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ