Aysor.am-ը գրում է․ Դատարանի կողմից կալանավորման որոշում կայացնելուց հետո կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանությունն իսպառ բնաջնջվեց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հանգամանքին։
«Այս ամենն այնքան խայտառակ վիճակ է ստեղծում, որ այստեղ իրավաբանության մասին խոսելն ուղղակի անիմաստ է։ Կոնկրետ կա հրահանգ. այսօրվա քաղաքական իշխանությունը հետաքրրքված է մի քանի քրեական գործերով։ Ուղղակի այնպես է ստացվել, որ այդ քրեական գործերից մի քանիսը գտնվել են Բորիս Բախշիյանի վարույթում։ Վերջինս հավատարիմ է եղել իր առաքելությանը, կատարել է համարձակ և, բնականաբար, օրենքից բխող որոշումներ, որոնք հաճո չեն եղել իշխանությանը։ Այդ իսկ պատճառով մենք այսօր այս իրավիճակն ունենք։ Այստեղ այլ խնդիր չկա։ Կրկնում եմ, այստեղ իրավաբանություն մի փնտրեք»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ ներկայացված մեղադրանքի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ Բորիս Բախշիյանը կալանավորման որոշումը կայացրել է առանց մեղադրյալին լսելու իրավունքի ապահովման։
«Տվյալ պարագայում, սակայն, մեղադրյալը չի ներկայացել դատական նիստին՝ առանց հարգելի պատճառի, ինչն օրենսդրորեն դատարանին թույլ է տալիս խափանման միջոցի փոփոխման հարց քննարկել։ Երբ մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, մինչ այդ ծանուցվում է իր դատավարական իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև պարտականությունների չկատարման արդյունքում վրա հասած բացասական հետևանքներին։
Մեղադրյալը, այսքանը հասկանալով, դատարան չի ներկայացել։ Իրավունքի տեսությունում կա հասկացություն՝ իրավունքից հրաժարվել, այսինքն՝ անձն իր ոչ պատշաճ վարքագծով երբեմն հրաժարվում է իր իրավունքից, այդ թվում՝ լսվելու իրավունքից։ Սա լիովին այդ դեպքն է։ Այն, որ մեղադրյալը չի ներկայացել դատական նիստին և չի ապահովվել նրա՝ լսված լինելու իրավունքը, չի վկայում այն մասին, որ Բորիս Բախշիյանն իրավունքի խախտում է թույլ տվել։ Նրա դատական ակտի իրավաչափությունը որևէ կերպ կասկածի տակ չի կարող դրվել։
Ասվածի հիմնավորումն այն է, որ անգամ դատախազությունը չի բողոքարկել այդ դատական ակտը, այսինքն՝ այն այսօր ունի օրինական ուժ, և դատական ակտի չբեկանված լինելու պայմաններում մենք պետք է առաջնորդվենք այդ որոշման օրինականության կանխավարկածով։ Նման պայմաններում ինչպե՞ս կարող է խոսք գնալ կալանավորելու վերաբերյալ ակնհայտ ապօրինի դատական ակտի կայացման մասին»,- հարց հնչեցրեց Էրիկ Ալեքսանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը