ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է նոր արտահերթ զեկույց դատական գործերի «ձեռքով» մակագրման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Դատական համակարգում ու փաստաբանների մեր հարցումները, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները, ազատազրկվածների հետ առանձնազրույցները հաստատում են, որ վիճակը մտահոգիչ է՝ մարդու սահմանադրական իրավունքների համար վտանգավոր նախադեպերով:
Ըստ հավաստի ահազանգերի՝ Վարչական դատարանում, օրինակ, Դատարանի նախագահն ինքն է որոշում 5 դատավոր ունեցող դատական կազմերում ընդգրկվող դատավորներին` առանց չափանիշների, սեփական հայեցողությամբ: Խոսքը նաև դատական կազմերում հաճախ կրկնվող՝ նույն դատավորների ընդգրկելու խնդրի մասին է: Խոսքն այն էլ վերաբերում է բացառիկ զգայուն հարցերի, ինչպիսիք են, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված, թեկնածուներ գրանցելու կամ չգրանցելու հետ կապված որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերը կամ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ըստ մեզ ներկայացված ահազանգերի, ընդհանրապես մակագրություններ է անում նաև դատարանի աշխատակազմի ղեկավարը` բացի այն, որ չկան ամրագրված չափանիշներ հենց դատարանի նախագահի համար: Նշվող պատճառն այն է, որ թե՛ ֆիզիկապես, թե՛ մասնագիտական առումով դատարանի նախագահը, այսինքն՝ մեկ մարդ, ի վիճակի չէ իրականացնել այդքան գործերի մակագրություն:
Նշվածից բացի, չի պահպանվում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը:
Տևական ժամանակ է, ինչ որոշ դատավորներ այլևս չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր (օրինակ՝ գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունություն, ներկայացնում են հանրային հետաքրքրություն)՝ այդպիսիք այդ դատավորներին մտադրված չմակագրելու արդյունքում: Սա էլ վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հենց մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից և այլն: Սա կարող է տանել նաև դատարանների նախագահներից դատավորների անթույլատրելի կախվածության:
Ավելին, ՍԴ դիմելուց առաջ բոլոր դատարանների նախագահներին հարցումներ եմ արել, բայց նրանցից որևէ մեկը ցույց չի տվել, որ կան չափանիշներ կամ չի ներկայացրել ապացույցներ, որ պահպանվում է այբբենական կարգը:
Ո՞վ կարող է այսքանից հետո երաշխավորել, որ համակարգչային ծրագրի փոխարեն դատավորների միջև գործերի բաշխում «ձեռքով» իրականացնելու ընթացքում դատարանների նախագահների կողմից կամ նրանց նկատմամբ արտաքին միջամտություններ չեն լինում:
Այս հարցով արդեն դիմել եմ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթներ ու այդ մասին տարածել հատուկ հայտարարություն:
Արտահերթ զեկույցում ևս բարձրացված է խնդիրն այն մասին, որ առկա են օրենսդրական անորոշ կանոններ ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանություն ու այդ մեկնաբանությամբ կիրառություն, որ հանգեցրել են լուրջ խնդիրների մարդու սահմանադրական իրավունքների հարցում:
Կոնկրետ օրինակներով և միջազգային-իրավական կարգավորումների վրա հիմնած վերլուծությամբ հստակ ցույց ենք տրված մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանությունները՝ օրենսդրական ապահովագրող կարգավորումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդման մարմնի միջամտության վտանգավոր հետևանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկետով, ինչպես նաև ցույց են տրված մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման գործնական իրավիճակներ:
Զեկույցի հղումը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը