Արցախյան երրորդ պատերազմում ՀՀ իշխանությունների կողմից դավաճանական գործողությունների մասին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարություններից անցել է շուրջ մեկ տարի, սակայն երկրի բարձրագույն իշխանություններից գեթ մեկը դեռևս պատասխանատվություն չի կրել, գրում է «Փաստինֆո»-ն։
Լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել են, որ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, թեև Մովսես Հակոբյանի հայտարարությունները չեն հերքվել։
Ինչպես հայտնի է, Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ի ասուլիսում խոսել էր 44 օրյա պատերազմի մասին, հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը` կամավորականներին ուղակելով առաջնագիծ, պատերազմում պարտության ամենամեծ պատճառը վատ ղեկավարումն է եղել, անգրագիտությունը, պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետելը, և որ գործող կառավարությունը 2018 թվականին փոխել է սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը։
Նա նաև հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրամանատարական կետում է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, մինչդեռ նման իրավունք նա չունի։ Մովսես Հակոբյանը հաստատել էր տեղեկությունները, որ հրամանատարական կետից հեռանալու՝ Աննա Հակոբյանին ուղղված խնդրանքից հետո իրեն կանչել են Երևան։
Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարությունների առնչությամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ և շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում նրա հայտարարությունները չեն հերքվել, այսինքն՝ նախաքննական մարմինը ձեռք չի բերել գեթ մեկ ապացույց առ այն, որ Մովսես Հակոբյանը սուտ մատնություն է արել, ինչը նշանակում է, որ դրանք հաստատվել են։ Այդուհանդերձ, ՀՔԾ-ն՝ ՀՀ դատախազության հետ, հովանավորչության տակ են վերցրել պետության անվտանգության դեմ հանցագործություն կատարած անձանց։
Ավելին՝ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից առերևույթ պետական դավաճանության, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործությունների և ՀՀ ռազմավարական նշանակության տարածքները, դիրքերն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ ներկայացված հանցագործության հաղորդումները ևս կցվել և քննության առարկա են դարձել նշված վարույթի շրջանակներում, որի շրջանակներում հարցաքննվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը, նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և այլ զինվորականներ։
Պարզվում է, նշված վարույթի շրջանակներում է քննության առարկա դարձվել նաև Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական հայտարարությունը, համաձայն որի Սյունիքում ռազմավարական դիրքերից զորքերը հետ քաշելու հրահանգը տվել է ինքը՝ միանձնյա։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՀՀ գլխավոր դատախազության հետ՝ պարզելու, թե արդյոք համապատասխան ընթացք տրվե՞լ է այս հայտարարությանը, թե՞ ոչ, որտեղից լրատվամիջոցին հայտնել են, որ այդ հանգամանքները քննության առարկա են ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված և քննվող քրեական գործի շրջանակներում։ Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, նրա տեղակալները, Պաշտպանության նախկին նախարարը, ԱԽ քարտուղարը հրավիրվե՞լ են հարցաքննության՝ դատախազությունից պատասխանել են, որ քրեական գործի քննության, քննչական ու դատավարական գործողությունների մասին այժմ տեղեկատվություն չեն կարող հայտնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը