01 11 2021

«Ջեյ-Փի» Փաստաբանական ընկերությանը հաջողվել է ՊԵԿ-ի խոշոր տուգանքը չեղարկել

«Ջեյ-Փի» Փաստաբանական ընկերությանը հաջողվել է ՊԵԿ-ի խոշոր տուգանքը չեղարկել

«Ջեյ-Փի» Փաստաբանական ընկերությանը հաջողվել է ՊԵԿ-ի խոշոր տուգանքը չեղարկել։ Փաստաբանական գրասենյակի ղեկավար Իրմա Ճաղարյանը նշում է՝ դա իրենց գրասենյակի կողմից հարկային դաշտում գրանցած ամենամեծ հաջողություններից մեկն է։

Yerevan.Today-ի հետ զրույցում «Ջեյ-Փի» Փաստաբանական գրասենյակի տնօրեն Իրմա Ճաղարյանը նշեց, որ 2019 թվականին իրենց գրասենյակ էր դիմել կազմակերպություն, ում նկատմամբ հարկային մարմինը կայացրել էր որոշում, որով Ընկերությանը տուգանել էր 15.000.000 ՀՀ դրամի չափով:

ՍՊԸ-ն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում դեռևս զարգացման փուլում գտնվող և ամենակարևոր համարվող ոլորտներից մեկում՝ գյուղատնտեսական ոլորտում. վերջինս ներմուծում է թունաքիմիկատներ:

«Ընկերությունը հայտնվել էր անելանելի իրավիճակում իր նկատմամբ կայացված վարչական ակտի պատճառով, քանի որ լինելով օրինապաշտ, գործելով օրենսդրական պահանջների խստիվ պահպանմամբ, վերջինս պատկերացնել անգամ չէր կարող, որ նրա նկատմամբ կարող է կիրառվել տուգանք, այն էլ նման մեծ չափով: Ուստի վերջինս դիմել էր մեզ՝ խնդրելով մատուցել համապատասխան իրավաբանական ծառայություններ, որի արդյունքում մենք ունեցանք բավականին մեծ հաջողություններ:

Այսպես, ստացված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում իմ գործընկեր Արամ Վարդևանյանը, ով այն ժամանակ հանդիսանում էր «Ջեյ-Փի» Փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրենը՝ հարկային գծով պատասխանատու մեր մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում համապատասխան հայցադիմում էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որով խնդրել էին անվավեր ճանաչել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից կայացված որոշումը:

Մեր պնդմամբ՝ վարչական մարմինը չէր պահպանել ՀՀ օրենսդրությամբ իրենց վրա դրված պարտականությունները և վիճարկվող վարչական ակտը կայացրել էր օրենսդրական պահանջների էական խախտումներով, որն էլ արդեն իսկ հիմք էր կայացված որոշումն անվավեր ճանաչելու համար:

Շուրջ կես տարի տևած դատական գործընթացի արդյունքում Դատարանը կայացնում է որոշում, որով բավարարում է մեր կողմից ներկայացված հայցադիմումն ամբողջությամբ՝ անվավեր ճանաչելով Պետական եկամուտների կոմիտեի կողմից կայացված վարչական ակտը»,- պատմեց Իրմա Ճաղարյանը։

Վճիռը ՊԵԿ-ը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան․ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին դատարանը քննելով՝ մերժում է վարչական մարմնի կողմից ներկայացված բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը:

«Մենք հատուկ ցանկանում ենք նշել, որ Պետական եկամուտների կոմիտեն հանդիսանում է ՀՀ պետական համակարգի կարևորագույն օղակներից մեկը և վերջինիս գործունեությունը առավել քան կարևոր է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման տեսանկյունից: Միաժամանակ կարևոր է այդ մարմնի գործունեությունը հարկերի վերահսկման շրջանակներում ևս, որը վերջինս իրականացնում է պատշաճ և ժամանակին»,- ասաց Իրմա Ճաղարյանը:

Փաստաբանը նշում է․ «Անխուսափելիորեն տեղի են ունենում իրավիճակներ, որտեղ առաջանում են համանման խնդիրներ, որոնք լուծելի են և բնականոն իրավական պետությունում: Ուստի մեր հորդորն է քաղաքացիներին ցանկացած իրավիճակում դիմել իրավունքների պաշտպանության և որևէ կերպ չընդունել այն իրավիճակները, որոնք ըստ իրենց խնդրահարույց են կամ չեն բխում արդարության իրենց պատկերացումներից: Ցանկացած պարագայում, երբ Դուք առնչվում եք համանման իրավիճակների, որտեղ Ձեր նկատմամբ կիրառվում են բացասական հետևանքներ, որոնց հետ դուք համակարծիք չեք, դիմեք իրավաբանների օգնությանը և փորձեք վերականգնել Ձեր խախտված իրավունքները՝ օգտվելով Ձեր սահմանադրական իրավունքներից: Դա կնպաստի ոչ միայն Ձեր իրավունքների վերականգնմանը, այլև պետության և իրավական պրակտիկայի զարգացմանը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ