16 09 2021

Գտնում եք, որ այն իրավաչափ չէ, դիմեք ՍԴ. Գևորգ Դանիելյանը՝ պատգամավորներին

Գտնում եք, որ այն իրավաչափ չէ, դիմեք ՍԴ. Գևորգ Դանիելյանը՝ պատգամավորներին

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «Սա պատվաստման հակաքարոզ չէ, յուրաքանչյուրը ինքն է որոշում կայացնում՝ հաշվի առնելով այն, թե որքանով է վստահում պաշտոնական խոսքին: Կանդրադառնամ միայն վստահության վակուումը լրացնելուն կոչված պարտադրանք ամրագրող իրավական լուծումներին: Նախ, այնքան էլ պարզ չէ, թե պատգամավորները ինչու են պատվաստման և թեստավորման վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանի իրավաչափության հարցն ուղղում հենց իրեն, ի՞նչ էին ակնկալում: Գտնում եք, որ այն իրավաչափ չէ, դիմեք ՍԴ, դրա համար մեծ ջանքեր պետք չեն՝ ընդամենը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը դա իրավասու է անել:

Սա այն հարթակը չէ, որ հանգամանորեն անդրադառնամ, բայց մի քանի նկատառումներ հնչեցնեմ: Նախ, հարիր չէ միջազգային փորձի վրա հղում անելը, քանզի որևէ երկրում նույնաբնույթ իրավիճակներում թեստավորումը անձի միջոցների հաշվին չի արվում, և 14-օրյա ժամկետն էլ վերաբերում է ոչ թե թեստավորմանը, այլ մեկուսացմանը: Բացի այդ, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ինչպես նաև սեփականության իրավունքները, թերևս, կարող են սահմանափակվել միայն օրենքով (Սահմանադրության 25 և 60 հոդվածներ), ոչ թե որևէ ենթաօրենսդրական նորմատիվ ակտով: Հրամանը աղերսներ ունի նաև մի շարք այլ սահմանադրական նորմերի հետ, որոնցից կառանձնացնեի համաչափության սկզբունքը (78 հոդված), քանզի ընտրված միջոցը, հատկապես, 14-օրյա թեստավորման մասով, չի կարող արդյունավետ դիտարկվել՝ անձը կարող է վարակվել և վարակակիր դառնալ թեստավորումից արդեն առնվազն 3 օր անց և այլն:

Ներկայումս մեզանում պատվաստվել է մոտ 7-8 տոկոսը (ինձ էլ հաշված), մինչդեռ՝ արևմտյան Եվրոպայի երկրներում այն մոտեցել է 50 տոկոսին: Աշխատեք մարդկանց վստահությունը առողջացնելու ուղղությամբ, ինչն ակնհայտ խաթարված է, մինչդեռ՝ ցանկացած հանրային նշանակության հարցում այն չափազանց անհրաժեշտ է: Ներդաշնակ հասարակությունում հանրային դեմքի մի խոսքն ավելի ազդեցիկ է, քան տարաբնույթ սանկցիաներ հորինելը….»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ