Panorama.am-ը գրում է․
«Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու, 62 շիրակցիների գերի ընկնելու գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր մերժել է փոխգնդապետին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանի պաշտպաններից Սյուզաննա Խչեյանը։
Նա հայտնեց, որ դատարանի որոշման պատճառաբանություններին ծանոթ չեն, որոշումը դեռ չի տրամադրվել:
«Շատ լավ ենք գնահատում դատավոր Շահվերադյանի կողմից կայացված որոշումը: Ընդհանրապես, առաջին ատյանի դատարանն այս էլ երկրորդ անգան շատ փայլուն մնաց իր դիրքերում»,- ասաց Ս. Խչեյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Ղազարյանին կալանավորելու հարցը երկրորդ անգամ է քննվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Առաջին անգամ փոխգնդապետին կալանավորելու միջնորդությունը մերժվել էր, որը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչը բեկանել էր որոշումն, գործն ուղարկել նոր քննության, այժմ առաջին ատյանի դատարանը կրկին կայացրել է քննիչի միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Պաշտպանը ենթադրում է, որ դատախազությունը կբողոքարկի առաջին ատյանի դատարանի այս որոշումն էլ:
«Ամեն դեպքում թե իրենց, թե մեզ համար սկզբունքային միջնորդություն է»,- ասաց Սյուզաննա Խչեյանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը