19 10 2023

Մեղադրյալի կարգավիճակում գտնվող Մաչյանը շարունակում է պաշտոնավարել․ «Հրապարակ»

Մեղադրյալի կարգավիճակում գտնվող Մաչյանը շարունակում է պաշտոնավարել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանին առաջադրված մեղադրանքի քննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։

Մեղադրանքը կապված է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում գնման գործընթացի հետ, երբ նա զբաղեցնում էր ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնը եւ պատասխանատու էր գնման գործընթացի համար։ Կառավարությունը, ըստ մեղադրանքի, նախարարությանը հատկացրել է 2 միլիարդ 380 մլն դրամ, ապա՝ հավելյալ 270 մլն դրամ՝ տուն-ինտերնատի տարեցներին եւ այլ անապահովներին բնակարաններով ապահովելու համար։ Ենթադրվում է, որ Մաչյանն այս գործընթացում է լիազորությունները չարաշահել։

Նույն գործով որպես մեղադրյալներ անցնում են նաեւ նախարարության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանը, նույն բաժնի նախկին պետ Կարեն Բաբախանյանը, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող նախկին խորհրդական Էդուարդ Ստեփանյանը, «Լեքսհաբ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր եւ տնօրեն Պավել  Թադեւոսյանը եւ վերջինիս մորաքրոջ որդի Գեւորգ Մարկոսյանը, ով մեղադրվում է նախարարության միջոցներից 16 մլն 980 հազար դրամ հափշտակելու մեջ։

Գործը դատարան է մտել 3 օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին։ Սակայն ուշագրավ է, որ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Մաչյանը շարունակում է պաշտոնավարել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ