«Հրապարակ» թերթը գրում է.
««Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ զրուցել ենք ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այս իշխանությունների կողմից Մարտի 1-ի գործով հետապնդվող Գևորգ Կոստանյանի հետ։
- Պարո՛ն Կոստանյան, Սահմանադրական դատարանը Սահմանդրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։
- 300.1 հոդվածի հակասահմանադրական լինելու մասին ես բազմիցս եմ խոսել, որովհետև դա ակնհայտ էր։ Երկրորդը․ Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները, որոնք վերաբերում էին հենց այդ 300.1 հոդվածին, ի սկզբանե կանխորոշել էին դրա ելքը։ Եվ այդ առումով, անկեղծ ասած, ինձ համար ոչ թե անակնկալ էր այն առումով, որ 300.1 հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, այլ անակնկալն այն էր, որ Սահմանադրական դատարանը մնացել է իր բարձունքի վրա՝ անկախ բոլոր ինստիտուցիոնալ համակարգերի կործանումից։ Երրորդը․ 300.1 հոդվածի հակասահմանադրականությունը ոչ միայն այս դեպքում հետևանք է, այլ նաև ինքը շատ կարևոր հիմք է, որպեսզի, այնուամենայնիվ, մեր հասարակությունը հասկանա, որ մենք այս երկու-երեք տարիների ընթացքում, որ բոլորս ասում էինք, Վենետիկի հանձնաժողովը պնդում էր, Եվրոպական դատարանը պնդում էր, դա փաստ է, և էլ ո՞ր մարմինը պետք է հավաստի, որ, այնուամենայնիվ, մեր երկրի մի քանի դատախազ վերջապես հասկանային, որ երկրի իրավական համակարգը բաղկացած չէ միայն իրենց կարդացած Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածից։
- Ի դեպ, ուշագրավ է, որ այդ հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածն ընդունվել է նախկին իշխանությունների օրոք՝ 2009 թվականին․ օրենքի հեղինակն էլ Դավիթ Հարությունյանն է եղել։
- Խնդիրն այն է, որ այդ հոդվածն ընդունվել է 2009 թվականին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բազմաթիվ բանաձևերի արդյունքում, ոչ թե Եվրոպական դատարանի դիրքորոշումների հետևանքով։ Եվ երկրորդ․ այն հանգամանքը, որ նույն 2009 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվում է մեղադրանքներից՝ 300.1 հոդվածով այն ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ և միաժամանակ այս, այսպես կոչված, նոր Քրեական օրենսգրքի հոդվածներով վերաորակումներ չի անում, հենց խոսքը վերաբերում է նրան, որ ի սկզբանե Հայաստանի իրավապահ համակարգը, թեև այդ հոդվածը փոփոխվել էր, այնուամենայնիվ, Հայաստանի իրավապահ համակարգը չկիրառեց այդ հոդվածը հենց այդ նկատառումներից ելնելով։ Իսկ նոր իրավապահ համակարգի ներկայացուցիչները համարեցին, որ Հայաստանի իրավական համակարգը միայն Քրեական դատավարության օրենսգիրքն է և վերջ։ Եվ այդտեղից մենք կանգնեցինք այսպիսի իրադրության առաջ։ Արդյունքում ստացվեց, որ այս երկուսուկես տարվա մեղադրանքն ի սկզբանե հակասահմանադրական էր, ոչ թե այն դարձել է հակասահմանադրական։
- Ձեզ էլ է մեղադրանք առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում՝ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալումը պարտակելու գործով․ ի՞նչ եք կարծում, ՍԴ-ի այս որոշումը Ձեր մասով էլ որևէ բան կփոխի՞։
- Դուք շատ լավ հարց եք տալիս, որովհետև ինձ մեղադրել են նրա համար, թեև հիշեցնեմ, որ անգամ միջազգային քրեական ոստիկանության մակարդակով հավաստվեց՝ ապօրինի և անհիմն, բայց, այնուամենայնիվ, ինձ մեղադրում են նրա մեջ, որ երբ որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը, իրենց պատկերացմամբ, 2008 թվականին տապալում է սահմանադրական կարգը՝ մի խումբ անձանց հետ, հետո, իբրև թե, ես արդեն այդ տապալված սահմանադրական կարգի արդյունքում ոստիկանապետի և այլ բարձրաստիճան ոստիկանների հետ միասին՝ որպես այն ժամանակ արդարադատության փոխնախարար, դրդում եմ, որպեսզի կատարեն կեղծիքներ։ Արդյունքում, եթե փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի տապալել սահմանադրական կարգը, իսկ դա արդեն փաստ է, հետևաբար, ես և որևէ մեկը չէինք կարող պարտակել դա։ Պատկերացրիք, չէ՞։ Իմ մեղադրանքը՝ շատ կարճ, հետևյալն է․ իբրև թե Ռոբերտ Քոչարյանն ու մի խումբ այլ անձինք տապալել են սահմանադրական կարգը, հետո ես ու Գևորգ Մհերյանը, Ալիկ Սարգսյանն ու էլի մի քանի հոգի պարտակել ենք դրանք։ Հետևաբար, եթե Ռոբերտ Քոչարյանը չի տապալել սահմանադրական կարգը, բա մենք ի՞նչը պիտի պարտակեինք։
- Ի դեպ, դատարանն այդպես էլ մինչ այս պահը չի հրապարակել արդեն գոյություն չունեցող հոդվածով քրեական գործը կարճելու մասին որոշումը, դրան զուգահեռ՝ մեղադրող դատախազներն էլ դիմել են Սահմանադրական դատարան։ Սա ինչպե՞ս կարելի է հասկանալ։
- Լավ եք հարցնում՝ ինչպե՞ս կարելի է հասկանալ։ Սա տրամաբանության և իրավագիտության պայմաններում հնարավոր չէ հասկանալ։ Բացատրեմ՝ ինչու։ Որովհետև այն պահից, երբ հոդվածը ճանաչվում է հակասահմանադրական, դատարանն ուրիշ տարբերակ չունի, քան կայացնի արդարացման դատավճիռ։ Ինքն ուրիշ տարբերակ չունի։ Այսինքն՝ էս դատավորը, որ նիստը հետաձգում է, ներողություն եմ խնդրում, որ էսպիսի ձևակերպում եմ տալիս, բայց ինքն արդեն ոչ միայն գրագիտության հետ կապված խնդիրներ ունի, այլև, իմ կարծիքով, նաև տրամաբանության հետ կապված։ Եվ հետաձգելն արդեն նշանակում է, որ այս դատավորն ինքն իրենով կատարում է հանցանք։ Ինչ վերաբերում է դատախազության այդ միջնորդությանը, որ դիմել է ՍԴ, ապա դատախազությունն օրենքով պարտավոր է, երբ որ հակասահմանադրական է ճանաչվում կոնկրետ հոդվածը, մեղադրանքից հրաժարվել։ Այն հանգամանքը, որ դատախազությունը դիմում է իբրև թե տուժողների իրավունքների պաշտպանության կոնտեքստում, տուժողների իրավունքների պաշտպանությունը, այո, շատ կարևոր է, բայց դա ոչ մի կապ չունի մարդու անմեղության պաշտպանության հետ։ Այսինքն՝ դու ապօրինի մեղադրանք ես առաջադրում, հետո ասում ես՝ բա էն ապօրինի մեղադրանքի տուժողներին ի՞նչ պետք է անենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը