ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ զինված ուժեր գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։
Ըստ դատարանի՝ պատասխանողը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, որ վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը, իսկ դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները հիմք չեն հայցի ապահովումը վերացնելու համար։
«Հետևաբար Դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին պատասխանող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման», - նշված է դատաանի որոշման մեջ։
Ավելի վաղ մերժվել էր նաև Մհեր Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Վարչական դատարանում կայացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ վարչապետի ու նախագահի գործով առաջին դատական նիստը։
Օնիկ Գասպարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել էր՝ եթե իր պաշտպանյալի նկատմամբ իրավունքի խախտումը չվերացվի Հայաստանում, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Նշենք, որ վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը