ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով 01.04.2021թ.-ին դիմել է Սահմանադրական դատարան:
Դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդմասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունն այնքանով, որքանով դրանք, անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո, դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն՝ հնարավորություն չտալով որևէ դատավարական գործողություն կատարել և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել նրա արարքը այն դեպքում, երբ դրանում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված այլ՝ այնպիսի արարքի հատկանիշներ, որի առնչությամբ վարույթը բացառող տվյալ հանգամանքն առկա չէ, և այդ կերպ չեն երաշխավորում տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չեն նախատեսում այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր և բովանդակազրկում են մեղադրանքի պաշտպանությունը՝ որպես նշված իրավունքների ապահովման կառուցակարգ՝ հանգեցնելով նրա դատավարական շահերի ոտնահարման:
Մասնավորապես.
ՀՀ քրեական օրենսգրքում նկարագրված բազմաթիվ հանցակազմեր ունեն ընդհանուրի և հատուկի, մասի և ամբողջի հարաբերակցություն։ Հատուկ հանցակազմերի առանձնահատկությունն այն է, որ դրանք իրենց մեջ պարունակում են ինչպես մեկ այլ` ընդհանուր հանցակազմի հատկանիշներն ամբողջությամբ, այնպես էլ հանցակազմի լրացուցիչ կամ տարբերվող հատկանիշ: Հատուկ հանցակազմը ընդհանուր հանցակազմի մասնավոր՝ քրեաիրավական որևէ հատկանիշով առանձնացված դրսևորումն է, և այդ դրսևորման առանձնահատկություններով պայմանավորված էլ նախատեսված է որպես առանձին հանցակազմ։
Ընդհանուր և հատուկ հանցակազմերի մրցակցության, այսինքն՝ այն դեպքում, երբ անձի արարքը համապատասխանում է ինչպես ընդհանուր, այնպես էլ դրա հատուկ դրսևորումը պարունակող հատուկ հանցակազմի հատկանիշներին, այն ենթակա է որակման հատուկ հանցակազմով, քանի որ ընդհանուր հանցակազմը կլանվում է վերջինիս մեջ: Միևնույն ժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ է գալիս հատուկ հանցակազմը բացառող որևէ
հանգամանք, որը վերաբերում է միայն դրան և կիրառելի չէ ընդհանուր հանցակազմը նախատեսող նորմի նկատմամբ, օրինակ՝ տվյալ հանցակազմը նախատեսող քրեաիրավական նորմն ուժը կորցրել է քրեական օրենսգրքից հանվելու կամ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պատճառով, անձի արարքը պետք է որակվի ընդհանուր հանցակազմի շրջանակներում։
Քրեական հետապնդումը և քրեական վարույթը բացառող հանգամանքների վերաբերյալ իրավակարգավորումները, սակայն, այդ հանգամանքներն ի հայտ գալուց անմիջապես հետո առաջ բերելով համապատասխան դատավարական հետևանքներ առաջացնելու՝ համապատասխանաբար մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի կողմից՝ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու պարտականություն, հնարավորություն չեն տալիս համապատասխան ու անհրաժեշտ դատավարական գործիքակազմի գործադրմամբ փոփոխել մեղադրանքը, կամ այդ ուղղությամբ կատարել որևէ դատավարական գործողություն՝ հանգեցնելով վիճակի, երբ ՀՀ քրեական օրենսգրքի նորմը, որով նախատեսված և որով որակված է անձի արարքը, այլևս չի գործում, այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ նորմով նախատեսված ընդհանուր հանցակազմի հատկանիշներին, սակայն առնվազն այդ արարքի կապակցությամբ վարույթը չբացառելու դատավարական հնարավորություն առկա չէ։
Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի իրավակարգավորումների և իրավամեկնաբանությունների համադրված վերլուծությունը վկայում է, որ մեղադրողի կողմից մեղադրանքի փոփոխության բոլոր ռեժիմների գործադրման հիմքը մեղադրանքի փաստական կողմը կազմող հանգամանքների, դրանց կապակցությամբ մեղադրողի հետևությունների փոփոխությունն է։ Իսկ արարքի իրավաբանական որակումն, արտահայտելով մեղադրանքի «փաստ-իրավունք» բաղադրիչների կապը, չի տեղավորվում «ապացույց-փաստ» կապի շրջանակներում, ուստի դրա փոփոխությունը չի կարող հանդիսանալ ապացույցների հետազոտման անմիջական արդյունք, ինչը նշանակում է, որ մեղադրանքի իրավական տարրը՝ իրավաբանական որակումը, ինքնուրույն՝ առանց փաստական հանգամանքների փոփոխության, երկրորդ ռեժիմի գործադրմամբ ևս փոփոխվել չի կարող:
Մինչդեռ, ինչպես ակնհայտ է տուժողի իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերից և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավունքից, իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները վերաբերում են նաև հանցագործությունից տուժած անձանց, և վերջիններս հավասարապես օգտվում են ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված երաշխիքներից: Տուժողի` արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է վերջինիս շահը, որ իրեն հասցված վնասը վերականգնվի, իրեն վնաս պատճառած արարքի հանգամանքները լրիվ բացահայտվեն ու դրանց տրվի ճիշտ քրեաիրավական որակում, իր նկատմամբ հանցանք կատարած անձը դատապարտվի և նրա նկատմամբ նշանակվի արդարացի պատիժ: Իսկ ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ իրավունքների դատական պաշտպանության և արդար
դատաքննության իրավունքները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Այնինչ, գործող իրավակարգավորումների պայմաններում հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ տուժողը` զրկվել իր իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքից ու դրանում տեղավորվող իր դատավարական շահերի բավարարումից միայն այն պատճառով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածը չի նախատեսում միայն արարքի իրավաբանական որակումը մեղադրողի կողմից փոփոխելու հնարավորություն, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը և 366-րդ հոդվածի 2-րդ մասը պարտադրում են քրեական հետապնդում չիրականացնել, մեղադրանքից հրաժարվել և քրեական հետապնդումը դադարեցնել առանց որևէ վերապահման, առանց արարքում այլ հանցակազմի առկայության հնարավոր հանգամանքը գնահատելու հնարավորության, այն դեպքում, երբ թեև հանցագործությունը սահմանող քրեաիրավական նորմը վերացվել է, բայց անձի արարքը համապատասխանում է այլ հանցակազմի հատկանիշներին: Այսպիսի կարգավորումները, ակնհայտորեն, չարդարացված ձևականությամբ չերաշխավորելով տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չնախատեսելով այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր, բովանդակազրկելով մեղադրանքի պաշտպանությունը որպես նման իրավիճակում նշված իրավունքների ապահովման կառուցակարգ և արդյունքում հանգեցնելով տուժողի դատավարական շահերի ոտնահարման, հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին:
Վերոգրյալը վկայում է, որ բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն հնարավոր կլինի դատավարական լեգիտիմ դիրքորոշում ձևավորել սույն քրեական գործով ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը