Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
537 օր կալանք, շուրջ եռամյա քաղաքական հետապնդում և հաղթանակ. հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրված Նախագահ Քոչարյանին, ինչպես նաև Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին, ՍԴ ֊ի կողմից ճանաչվեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սանձազերծված մեղադրանքն ի սկզբանե ակնբախ էր` ապօրինի է, տրամաբանությունից զուրկ, բարոյականության, արդարության և արդարադատության հետ աղերս չունեցող, սակայն քաղաքական այս խայտառակագույն հետապնդումն իրավաբանորեն չէր բացահայտվի, եթե չլիներ գործընկերոջս` Արամ Վարդևանյանի փայլուն աշխատանքն ու ՍԴ ֊ի դատավորների` արդարադատություն իրականացնելու աննահանջ պատրաստակամությունը և Երկրորդ Նախագահի աննկուն կռիվը` պետք լինի, կգա՛մ, կնստե՛մ, կպայքարե՛մ մինչև վերջ։
Ինչպես և ի սկզբանե նշում էի` Մարտի 1 ֊ի կոչվող իրավաբռնաբարությամբ դատավճիռ չի լինելու, լինելու է որոշում քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ. դե ինչ, գնդակն Աննա Դանիբեկյանի խաղադաշտում է, թեև նիկոլյան դերձակ դատախազությունը կարող է վազանցել Դանիբեկյանին` ներկայանալով դատարան ու հրաժարվելով այս ամոթալի ու ապօրինի մեղադրանքից, որպիսի պարագայում կմնա թե՛ վերաքննիչ, թե՛ վճռաբեկ դատարաններում մինչևիսկ հիմնավոր կասկածի շեմը չհաղթահարած սիլվահամբարձումյանական կաշառքի《մեղադրանքը》։
Շնորհավորանքնե՜րս բոլորիս։
Կեցցե՜ Ֆեմիդան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը