Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է նախագահի կողմից ԳՇ պետին ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը չստորագրելուն։ Գրառումը՝ ստորև․
«Փաստորեն հույսերս, որ նախագահն իր լիազորությունները կիրացնի ամբողջապես՝ ապարդյուն էին:
Հանրապետության նախագահի այսօրվա՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքականապես ճնշված կամակատարի ճիգ, որով առավելապես փաստել է իր գործողությունների հակասահմանադրականությունը։
Նա, մասնավորապես, նշել է, որ «Չեն կարող անտեսվել նաև հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:․․․․Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը»։
Պարոն նախագահ, եթե Դուք նշում եք իրավակիրառական պրակտիկայի մասին, ապա պետք է առնվազն հիշեք, որ թե Մովսես Հակոբյանին և թե Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատել եք հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, այլ ոչ թե Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը։
Բարի եղեք, տանը քաղաքական գործիչներ ընդունելուց զատ (առողջ եղեք)՝ վեր հանել և կրկին ընթերցել Ձեր իսկ կողմից 2018 թվականի մայիսի 24-ի և 2020 թվականի հունիսի 8-ի հրամանագրերը։ Այո, այդ հրամանագրերը ստորագրելիս հիմք եք ընդունել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը, սակայն դրա 1-ին մասի կոնկրետ հիմքերը: Դեռ առիթ կունենանք առավել հանգամանալից խոսել նաև այդ հրամանագրերի առումով Ձեր հակասահմանադրական քայլերի մասին։
Եթե հերթական անգամ ցանկանում եք առաջնորդվել այն ցինիկ արտահայտությամբ՝ համ կույս մնալ, համ հաճույք ստանալ, բայց ոչ երբեք լինել պետության գլխի առաքելությունը կրող՝ հետևել Սահմանադրության պահպանմանը, լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ և առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով, ապա այո կարող եք չստորագրել հրամանագիրը և դնել վերջակետ։ Իսկ հետո վերացական վերահսկողության կարգով դիմել Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով։
Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության պահպանմանը հետևելը չի կարող սահմանափակվել Սահմանադրական դատարան դիմելու հայեցողական լիազորությամբ: Հանրապետության նախագահը Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը պետք է կատարի առաջին հերթին իր սահմանադրական լիազորությունների իրականացմամբ։ Չեք կարող Սահմանադրությունն անտեսելով ղեկավարվել այն օրենքի դրույթներով, որի սահմանադրականությունը ինքներդ գտնում եք խնդրահարույց և ցանկանում եք այն վիճարկել։
Հանրապետության նախագահը իրավասու է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ։ Իսկ Սահմանադրությունը Ձեզ ուղղակի լիազորել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, վարչապետի առաջարկությամբ՝ օրենքով սահմանված ժամկետով, միայն նշանակել: Եվ ըստ այդմ, կարող եք Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասին ապավինել, պատսպարվել դրա տակ՝ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված միայն նշանակման մասով։
Ի դեպ, խորհուրդ կտայի նաև շատ ուշադիր ընթերցել Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»։ Դա նշանակում է ոչ թե Հանրապետության նախագահն իրացնում է իր հայեցողությունը, այլ, որ Հանրապետության նախագահը թույլ է տալիս անգործություն, չի կատարում Սահմանադրության պահանջները, դրանից բխող հետևանքներով հանդերձ։
Այն է՝ թույլ է տալիս Սահմանադրության կոպիտ խախտում, որը Ձեր պաշտոնանկության հիմքն է՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ի մասի ուժով։
Դուք Ձեր հակասահմանադրական քայլերով և թողտվությամբ փաստում եք ու հավասարապես մեղսակից եք այն հանցավոր, պետականակործան մոտեցումներում, որ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերին գլխավոր շտաբին, գլխավոր շտաբի պետին մեղադրում է իրականում ոչ թե քաղաքական չեզոքություն չպահպանելու, այլ ճիշտ հակառակը՝ քաղաքական չեզոքություն պահպանելու և իր քաղաքական կամակատարը չդառնալու մեջ, զինված ուժերի սահմանադրական առաքելությունը՝ ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եվ սահմանների անձեռնմխելիություն ապահովելու մեջ։ Ուրեմն Արմեն Սարգսյան հավասարապես կրում եք դավաճանի խարանը։ Ամոթ և անեծք ձեզ և ձեր նմաններին։ Պատասխան եք տալու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը