23 02 2021

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը մեկ շաբաթով հետաձգվեց

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը մեկ շաբաթով հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ պետք է մասնակցեր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ գործով նշանակված նիստին։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հաջորդ նիստին դատարանը կանդրադառնա Էրիկ Ալեքսանյանի վարքագծի հարցին։ Մեղադրող կողմը Ալեքսանյանի բացակայության մեջ չարամտության տարրեր գտավ, ասելով, որ «սա ամբողջ պաշտպանական կողմի վարքագիծն է»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ այսօրվա նիստն սկսվեց 30 րոպե ուշացումով, և ոչ մի բացատրություն դրան չի տրվել։ Նրա խոսքով, մեծ հավանականություն կա, որ Վերաքննիչի նիստը մտածված տապալել են դատախազն ու քննիչը՝ չներկայանալով դրան։ Այդ նիստին չի ներկայացել նույն ինքը դատավոր Դանիբեկյանը, ով տվյալ գործով շահագրգիռ անձ է։

Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող տեղի ունենալ առանց պաշտպանի ներկայության, այսօրվա նիստը հետաձգվեց մինչև մարտի 2-ը՝ ժամը 13։00։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ