09 02 2021

Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերացման համար

Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերացման համար

ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը։ Նշենք, որ այս պահին Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։

Պողոսյանը հիշեցրեց, որ գրավը կիրառվում է մեղադրյալի բացասական պահվածքի զսպման նպատակով, որպեսզի նա չթաքնվի քննությունից։ «Դրա անհրաժեշտությունը չկա։ Որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել տարիքը, մասնագիտությունը, մեղադրյալին մեղսագրվող արարքի վտանգավորության մակարդակն ու բնույթը», - նշեց փաստաբանը։

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միացան միջնորդությանը, նշելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։

Դատախազները չհամաձայնեցին և առարկեցին միջնորդության դեմ։

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ