25 12 2020

Ունենք հանցավոր հրաման կատարող քննչական մարմիններ և դրանց չենթարկվող դատարան․ Ռուբեն Մելիքյան

Ունենք հանցավոր հրաման կատարող քննչական մարմիններ և դրանց չենթարկվող դատարան․ Ռուբեն Մելիքյան

Վերջին շրջանում, մասնավորապես վերջին օրերին, երբ Հայաստանում հայտարարվեց համապետական անհանազանդության ակցիաներ՝ դասադուլ ու գործադուլ, ավելի սաստկացավ պետական ռեպրեսիվ մեքենան: Իրավապահ համակարգն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով։ Մասնավորապես, սկսեցին մեծ թափով աճել ձերբակալությունների մասին քննչական մարմինների որոշումները, որոնք, ըստ էության, դատարանը հիմնականում մերժում է:

Yerevan.Today-ի հետ զրույցում իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով արդեն համատարած դարձած նշված երևույթին, ասաց. «Ես այն կարծիքին եմ, որ մենք ունենք կոնկրետ քաղաքական պատվերի հետ, սակայն դատարանները հրաժարվում են դառնալ այդ քաղաքական պատվերը կատարող: Ակնհայտ է, որ օրինակ՝ հենց Սյունիքի քաղաքապետերի մասով, այն բանից հետո, երբ նրանք բարձրաձայնեցին իրենց անհամաձայնությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործունեության կապակցությամբ, նույնիսկ պահանջեցին նրա հրաժարականը, մեկ էլ միանգամից ինչ-որ կախարդական փայտիկի շարժումով պարզվեց, որ այդ մարդիկ հանցագործություններ են կատարել և նրանց հետ կապված հարցեր կան»:

Իրավապաշտպանը մասնավորապես առանձնացրեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական հետապնդումը, թե իբր անօրինական հավաք է կազմակերպել. «Էլ չեմ խոսում այն խայտառակ քրեական հետապնդման մասին, որը վերաբերում էր Գորիսի քաղաքապետին կոնկրետ 225.1 հոդվածով, այսինքն՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու մասով մոտ 36 ժամ պահեցին անազատության մեջ՝ ակնհայտ ապօրինի իրավիճկում, նույնիսկ հանցավոր, որովհետև հանցագործություն էր նրան ազատությունից զրկելը: Ակնհայտ էր, որ այդպիսի հանցագործություն չկա, հավաքներն ազատ են, և եթե դա հանցագործություն էր, ապա Նիկոլ Փաշինյանն առաջինը պետք է ինքն իրեն ձերբակալեր Եռաբլուրի երթի համար»:

Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ստեղծված իրավիճակում այս ձերբակալությունների ծավալը կարծես աննախադեպ է. «Կարճ ասած մենք գործ ունենք շատ պարզ իրավիճակի հետ, ունենք քննչական մարմիններ, որոնք դեռևս կատարում են հանցավոր հրամանները և ունենք դատական համակարգ, որն այդ քաղաքական պատվերին, այդ հանցավոր հրամաններին չենթարկվելու կամք է դրսևորում: 

Ծավալը երևի աննախադեպ է, ցինիզմը վստահաբար աննախադեպ է: Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ նախկինում էլ այս չափի, ապա այո, իհարկե, այնպես չէ, որ նոր են առաջացել: Իշխող քաղաքական ուժը ունի բացառիկ ունակություն առկա խնդիրները հասցնել ծայրահեղության և չարաշահել` սեփական շահին ծառայեցնելու նպատակով, առանց դրանք լուծելու որևէ մտադրության»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ