Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները այսօր Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալվածներին պահելու վայրում առանձնազրույց են ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ստուգման ենթարկել նրան ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Մասնավորապես, այսօր Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը վաղ առավոտից Պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել ահազանգեր այն մասին, որ նրա գտնվելու վայրն անհայտ է եւ որ հնարավորություն չունի ներգրավվելու քրեական վարույթին՝ Ա.Առուշանյանին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով: Դրանից բացի, փաստաբանը բարձրացրել է հարց այն մասին, որ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը իրավական հիմնավորում չունի:
Ողջ օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ինչպես նաեւ ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի հետ, որոնք ապահովել են պատշաճ համագործակցություն Պաշտպանի աշխատակազմի հետ: Ի գիտություն են ընդունվել նաեւ Առուշ Առուշանյանին ձերբակալելու վերաբերյալ Քննչական կոմիտեի հրապարակային պարզաբանումները:
Օրվա ավարտին փաստաբանները Պաշտպանին են հասցեագրել Առուշ Առուշանյանի ձերբակալմանն ու նրա նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդմանն առնչվող գրավոր բողոք:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս պահին ամփոփվում են ՁՊՎ այցի արդյունքները եւ փաստաբանների կողմից Պաշտպանին հասցեագրված բողոքները, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը