17 12 2020

Ադրբեջանի ջանքերը՝ չեղարկելու իր դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները, տապալվել են

Ադրբեջանի ջանքերը՝ չեղարկելու իր դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները, տապալվել են

Նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ձեռնարկած քայլերի արդյունքում մերժել է Ադրբեջանի կառավարության պահանջը՝ սույն թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից

Մասնավորապես, Եվրոպական դատարանը հաշվի է առել այն, որ հատկապես գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոցի կիրառման պահանջները և դրանք հիմնավորող ապացույցները շարունակվում են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի: Եվրոպական դատարանը ընդգծել է նաև, որ Ադրբեջանը պարբերաբար չի ենթարկվել այդ անձանց վերաբերյալ դատարանի՝ համապատասխան տեղեկություններ տրամադրելու պահանջներին:

Այսպիսով, Եվրոպական դատարանը գտել է, որ միջանկյալ միջոցի հիմք հանդիսացող հանագամանքները շարունակում են առկա լինել, ուստի իր որոշումները վերացնելու կամ դրանց գործողությունը կասեցնելու հիմքեր չկան:

Ի վերջո Եվրոպական դատարանը ընդգծել է, որ շարունակելու է քննել միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացված պահանջները։

Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Եվրոպական դատարանը կոչ էր արել Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաև կոչ էր արել Ադրբեջանին կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ