11 12 2020

Գործ ունենք Փաշինյանի կողմից չարաշահման և ապօրինի տրված հրամանների հետ․ Ղազինյանը՝ հարուցված քրգործի մասին

Գործ ունենք Փաշինյանի կողմից չարաշահման և ապօրինի տրված հրամանների հետ․ Ղազինյանը՝ հարուցված քրգործի մասին

«Հայրենիքի փրկության շարժում» իրավական հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանի՝ օրերս պետական դավաճանության վերաբերյալ  հանցագործության մասին հաղորդմանը Գլխավոր դատախազությունից արձագանքել են ու տեղեկացրել, որ նրա ներկայացրած հանցագործության մասին հաղորդման 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված առանձին հանգամանքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում արդեն իսկ հարուցված է քրեական գործ։ Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասաց Ղազինյանը՝ մանրամասնելով, թե  հանցագործության մասին հաղորդման 3-րդ կետը ինչին էր վերաբերում։

«Դա վերաբերում է ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից նոյեմբերի 19-ին «Հայելի» ակումբում ասուլիսի ընթացքում հրապարակված մի տեղեկության, որ 2020թ․-ի սեպտեմբերի  27-ին սանձազերծված պատերազմի 3-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կանգնեցվել է Զինված ուժերի լրահամալրումը, փոխարենն առաջնագիծ են ուղարկվել կամավորականները, ինչի հետեւանքով մարտական գործողությունների ընթացքում զոհված եւ վիրավորված անձնակազմի  լրահամալրում լիարժեք չի իրականացվել, քանի որ  կամավորականները շատ դեպքերում հրաժարվել են կատարել մարտական առաջադրանքները։ Գեներալը նաեւ ասաց նրա մասին, որ զինվորականները, որոնք պետք է կատարեին Նիկոլ Փաշինյանի հրամանը, հասկացել են, որ դա հանցագործություն է, բայց դա արել են, եւ այդ մասին կա ձայնագրություն»,- պատմեց Արթուր Ղազինյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսացել ՀՀ Զինված ուժերի գլխավոր հրամանատար, սակայն իրեն կարգելով այդ պաշտոնում, ԶՈՒ-երին հրահանգներ է տվել։

«Մենք այստեղ գործ ունենք լիազորությունների չարաշահման, իշխանության յուրացման եւ ապօրինի տրված հրամանների հետ»,- ընդգծեց Ղազինյանը՝ հավելելով, որ Մովսես Հակոբյանի հայտարարության հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցել։ Ըստ նրա՝ ՀՔԾ-ն անհապաղ պետք է Փաշինյանին ներգրավվեր որպես մեղադրյալ, ապա նրան առաջադրեր մեղադրանք, ու կասեցներ նրա լիազորությունները եւ կիրառեր  կալանքը որպես խափանման միջոց։

Թե ինչո՞ւ պետք է վարչապետի լիազորությունները դադարեցվեին եւ խափանման միջոցը կալանքն ընտրվեր, Ղազինյանըդ բացատրեց նրանով, որ ՀՔԾ-ն  վարչապետին ենթակա մարմին է, եւ ինքը վստահ է, որ այն գտնվում է Փաշինյանի կառավարման ներքո, եւ նա կարող է վարույթն իրականացնողի գործերին միջամտել, նախաքննությանը խոչընդոտել, ցուցումներ եւ հրահանգներ տալ։

Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ  ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի եւ մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ։ Այդ հրապարակումից քիչ անց ՀՔԾ-ն հերքել էր այդ տեղեկությունը։

«ՀՔԾ-ի այսօրվա հերքումը ոչ այլ ինչ է, քան հանցագործության մասին հաղորդում՝ ինքնախոստովանության որոշակի երանգով։ Նրանք պարտավոր էին հարուցել քրեական գործ, դա չեն արել, դա առանձին քրեաիրավական  գնահատականի առարկա է հանդիսանում»,- նշեց  «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի ղեկավարը։

Ղազինյանն ասաց, որ հանցագործության մասին նոր հաղորդում են ներկայացնելու, բայց այս անգամ արդեն ԱԱԾ-ում, որովհետեւ ՀՔԾ-ն հանցավոր անգործություն է դրսեւորում։

«Դատախազությունից տեղեկացնում են, որ նախապատրաստված նյութերով 2020թ․-ի նոյեմբերի 21-ին Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել 2020թ․-ի  սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար  մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, բացասական նշանակություն ունեցել ԶՈՒ-երի մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա»,- մեջբերեց Ղազինյանը։

Նրա խոսքով՝ մի խումբ պաշտոնատար անձանց գլխավերեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, որը մինչ օրս չի հերքել Մովես Հակոբյանի հայտարարությունը։ Ղազինյանը պնդեց, որ քրեական գործը հսկող դատախազը պարտավոր է ՀՔԾ-ին ցուցում տալ, որպեսզի նրանք ձեռնարկեն օրենքով սահմանված քայլերը և Նիկոլ Փաշինյանին եւ մի խումբ այլ պաշտոնատար անձանց ներգրավվեն որպես մեղադրյալ։

Արթուր Ղազինյանը ՀՔԾ-ից պահանջում է հարուցված քրեական գործի շրջանակում իրեն ներգրավվել որպես վկա, որովհետեւ ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ