05 12 2020

ԿԳՄՍ նախարարության մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊ

ԿԳՄՍ նախարարության մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացել է իր  դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ.

«ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝ 1) բովանդակային անընդունելի լուծումներ, 2) մշակման և քննարկման ընթացակարգային խնդիրներ:
Չնայած հանրային կարևորությանը՝ այդ օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, նիստի օրակարգում ընդգրկվել է՝ որպես չզեկուցվող հարց և ընդունվել է առանց քննարկման:

Ներկայացնում եմ իմ մի շարք հիմնական դիտողությունները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքի պահանջները՝

Նախագծում ամրագրված է, որ նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձևով վերակազմակերպվող բուհում (գիտական կազմակերպությունում) մինչև կառավարման խորհրդի ձևավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտորի (տնօրենի) պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

Սա նշանակում է, որ նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին վերապահում է միանձնյա իրավասություն նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս լուծումը խիստ մտահոգիչ է առաջին հերթին հենց բուհերի ինքնակառավարման իրավունքի, ակադեմիական և հետազոտությունների ազատության երաշխավորման տեսանկյունից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին նման իրավասություն վերապահելն անթույլատրելի ու այն էլ կոպիտ միջամտություն է բուհի կամ գիտական կազմակերպության ինքնակառավարման սահմանադրական իրավունքին, քանի որ այդպիսով ամրագրվում է գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ուղիղ ազդեցությունը դրանց ինստիտուցիոնալ կառավարման համակարգի մեջ:

Բուհական ինքնավարությունը ընկած է կրության իրավունքի հիմքում ու թե՛ կազմակերպական, թե՛ ակադեմիական և թե՛ ռեսուրսների կառավարման հարցերով առավել խոցելի է դարձնում նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասի լուծումը.

«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի հունվարի 1-ն առաջին անգամ վերակազմավորման, բաժանման կամ միաձուլման ձևով վերակազմակերպվող բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտոր (տնօրեն) հինգ տարուց ոչ ավելի ժամկետով: Սույն մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի (տնօրենի) նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չեն կիրառվում:»: Ընդ որում, այս կանոնը ներկայացված է՝ իբրև նախագծի անցումային դրույթ:

ԿԳՄՍ նախարարին բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը:

Անթույլատրելի է նաև նման պահանջը ներկայացնելը՝ որպես անցումային դրույթ ու այն էլ այն մասին, որ ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակվող ռեկտորը կամ տնօրենը կարող է պաշտոնավարել ողջ հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ ստացվում է, որ անցումային դրույթի ուժով նախարարը կարող է որևէ անձի նշանակել պաշտոնավարության այն նույն ամբողջական ժամանակահատվածով, որ կարող էր անել սովորական պայմաններում:
Այս անթույլատրելի մոտեցումն առավել խորացնում է նախագծի այն կանոնը, որ, փաստորեն, գործադիր իշխանության մարմնի ղեկավարին, այսինքն՝ նախարարին իրավունք է վերապահվում միանձնյա որոշմամբ նշանակել ռեկտոր կամ տնօրեն՝ անտեսելով այդ պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներին առաջադրվող պահանջները:

 Նախագծի այս կարգավորումները հակասում են նաև Եվրոպական համալսարանների մեծ խարտիային, Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական ասոցիացիային (ENQA), Համաշխարհային բանկի Հայաստանի վերաբերյալ զեկույցին և միջազգային այլ պահանջների:

Նախագիծը պարունակում է նաև բուհական ինքնավարության համար խոցելի այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են բուհի կառավարման խորհրդի կազմի համամասնությանը:

Այսպիսով, նախագծի կարգավորումներն ուղղակիորեն վտանգում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքն ու հակասում են այդ իրավունքի հիմքում ընկած բուհերի ինքնակառավարման իրավունքին, ակադեմիական և հետազոտությունների ազատությանը:

Նախագծի լուծումները չեն արտացոլում նաև կրթության և գիտության ոլորտի, բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների հրապարակային, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին նրանց առանձին ներկայացրած մտահոգությունները: Խոսքը վերաբերում է նաև նախագծերը հապճեպ հավանության արժանացնելուն և բարձրաձայնված խնդիրները ԿԳՄՍ նախարարության կողմից անտեսելուն:

Ընդ որում, ինչպես երևում է Երևանի պետական համալսարանի դեկանների դեկտեմբերի 4-ի հայտարարությունից, խոսքը վերաբերում է բազմաթիվ ու այն էլ էական դիտողությունների, որոնք առնչվում են Հայաստանում կրթության և գիտության զարգացմանը:

ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են:

Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ներկայացված և Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած նախագծերի տարբերակները նույնպես սկզբունքորեն տարբերվում են: Դրանք լիարժեք չեն արտացոլում մեր դիտարկումները:

 Ստեղծված պայմաններում Կառավարությունը ու առաջին հերթին ԿԳՄՍ նախարարը պարտավոր են ներկայացնել հիմնավոր պարզաբանումներ, թե ինչով է պայմանավորված նախագծերի այս փաթեթի ընդունման հարցում նման չպատճառաբանված շտապողականությունը հանրային կարևորության այս հարցի վերաբերյալ՝ որպես չզեկուցվող հարց Կառավարության նիստի օրակարգում այն ներառելով ու նիստում դա որևէ քննարկման չարժանացնելով: Եվ դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկրում շարունակում է գործել ռազմական դրությունը, պատերազմի հետևանքով առաջ են եկել հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական ու հումանիտար բազմաթիվ խնդիրներ:

 Ուստի, հայտնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի նման բովանդակությամբ ընդունման և ընթացակարգային հապճեպության նման վերաբերմունքի առնչությամբ:

Հետևաբար, եթե Ազգային ժողովի կողմից նախագիծն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունվի, ապա դիտարկելու եմ Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ առաջնահերթ հենց կրթության իրավունքը երաշխավորող Հայաստանի Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասության հիմքով:

Ավելին, կդիտարկեմ նաև դիմումի հետ միասին վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու միջնորդություն Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ