Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտնում է․
«Իրավապահ համակարգի հարգելի սպաներ, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների կողմից տրվում և իրականացվում են ակնհայտ ապօրինի հրամաններ.
Երկրում հանվել է հավաքներ անցկացնելու արգելքը, որի պայմաններում իրավապահների կողմից բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը, անհիմն և ապօրինի բերման ենթարկելը և վարչական ձերբակալությունները որևէ արդարացում չունեն, և այդ արարքներն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:
Լինելով իրավական պետության գաղափարական հետևորդ` հորդորում և զգուշացնում ենք զերծ մնալ որևէ կարգի ապօրինի հրամաններ արձակելուց և կատարելուց, քանզի շատ մոտ ապագայում նմանատիպ բոլոր ապօրինի գործողություններն արժանանալու են քրեաիրավական խիստ գնահատականի:
ՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հորինված ստանդարտ արդարացումները, թե իբր <<հրաման եք կատարել>> որևէ պայմաններում չեն ընդունվելու: Հարգանքով`Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը