Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը։
Նշենք, որ Առուստամյանն անցնում մի քանի քրեական գործերով։
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել Առուստամյանին՝ Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը, ինչպես նաեւ ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը)։ Այդ քրեական գործն արդեն դատարանում է։
Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր եւ համակարգային բնույթ կրող ենթադրյալ դեպքերով հարուցված քրեական գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը