Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանը չի մասնակցել այսօր վարչապետի կազմակերպած դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ փակ հանդիպմանը, որը կայացել է Կառավարության շենքում` կեսօրին։ Ի դեպ, վարչապետի հրավիրած ԲԴԽ կազմի և դատարանների նախագահների հետ հնդիպմանը, ըստ մամուլի հրապարակումների, մերժել են ԲԴԽ երեք անդամներ՝ Ստեփան Միքայելյանը, Արմեն Հայկյանցը և Մեսրոպ Մակյանը։ Նրանք նշել են, որ վարչապետի հետ նման եղանակով հանդիպումը, որին մասնակցում են նաև գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, ՀՔԾ պետը, հակասում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին և հակաօրինական է։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանից հանդիպման հրավեր չեն ստացել ԲԴԽ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը և ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը։
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ևս ընդգրկված չի էլ եղել ցանկալիների ցուցակում։ Այդ հանդիպման մասին, ասում է, մամուլից է տեղեկացել։ Այս մասին նա հայտնեց Yerevan.Today-ի հետ զրույցում` ընդգծելով, որ իրեն առհասարակ հրավեր չի էլ եղել, և ծանոթ չէ քննարկվող օրակարգին։ Ուրեմն ինչո՞ւ չի հրավիրվել, և արդյո՞ք պարզաբանում պահանջել է ԲԴԽ կազմից` իրեն տեղյակ չպահելու պատճառների, մասնակիցների ընտրության սկզբունքի մասին, հետաքրքրվեցինք նրանից։ Բեքմեզյանը նշեց, որ չի ցանկանում մանրամասների մեջ մտնել, ասում է` ես միայն փաստն եմ արձանագրել։ Իսկ կայացած փաստին ԲԴԽ անդամը չցանկացավ իրավական գնահատական տալ, խուսափեց։ Այդուհանդերձ նորմա՞լ է, երբ վարչապետը դատարանների նախագահներին, ՀՔԾ ՔԿ նախագահին ու ԲԴԽ անդամներին իր մոտ է կանչում, պատերազմը դադարեցնելու եռակողմ ակտին Հայաստանում հետևած հասարակական քաղաքական պրոցեսներն է քննարկում, այդ թվում` կոնկրետ դրվագներով գործողությունների իրավաչափության մասով, պարոն Բեքմեզյանը կրկին շրջանցեց թեման` պատճառաբանելով, թե հանդիպման քննարկումների բովանդակությանը ծանոթ չէ, տեղյակ չէ ինչ բնույթի հարցեր են շոշափվել։
Ասաց, որ չի ափսոսում իր չմասնակցելու համար, բայց նաև չգիտեր, թե ինչ կաներ եթե հանձնարարականը կամ հրավերը տրվեր։ Նրա խոսքով, ԲԴԽ կազմից ներկա գտնվել են միայն Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Անի Մխիթարյանը, ինչ սկզբունքով` հայտնի չէ։ Ներկա գտնված ԲԴԽ անդամնեիի հետ Բեքմեզյանը դեռևս կապ չէր հաստատել․ «Վաղը կխոսեմ խորհրդի անդամների հետ, կհասկանամ՝, ինչ է եղել, ոնց է եղել... իսկ գնահատականներ չեմ կարող տալ մի բանին, որի մասնակիցը չեմ եղել, որքան էլ պաշտոնական հաղորդագրությանը ծանոթ լինեմ»։
Այս օրերին, երբ կապիտուլյացիայի ակտից հետո քաղաքական հետապնդումներ են իրականացվում այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում են հնարավորինս կանխել պետականության անկումը, և վարչապետը ահա նման հանդիպումներ է անցկացնում դատաիիավական համակարգի ղեկավար կազմի հետ, արդյո՞ք չի նշանակում, որ վարչապետը այս օրերին նման հանդիպումներով ճնշում է բանեցնում դատական համակարգի վրա, պարոն Բեքմեզյանն իր մեծաթիվ գործընկերների նման դիտարկումներին այսպես պատասխանեց․ «Ես միայն իմ պնդումը կասեմ, որ դատական իշխանությունը ոչ մեկից կախված չէ, սա ես հիմա վստահորեն եմ ես ասում։ Դատական իշխանության գործը արդարատություն ապահովելն է, մենք զերծ պետք է մնանք քաղաքական գործընթացներից»։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը