18 11 2020

Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտում թույլ չի տրվել․ փաստաբան

Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտում թույլ չի տրվել․ փաստաբան

Երեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակեց եզրակացություն, որում հայտնում էր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ: Հանձնաժողովը գտնում է, որ Գագիկ Ծառուկյանը խախտել է Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի պահանջները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էմին Խաչատրյանը:

«Ցանկանում եմ հանձնաժողովի հարցադրումների առնչությամբ հանդես գալ մի շարք առարկություններով։

Նախ՝ Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովն ինքն է խախտում թույլ տվել՝ Պատգամավորից պարզաբանումներ չպահանջելով վերոհիշյալ հարցադրումների վերաբերյալ: Մինչդեռ եթե հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովն էական է համարել այդ հարցադրումների պատասխանները, ապա պարտավոր էր դրանց պատասխաններն ակնկալել Պատգամավորից:

Ինչպես նաև, հավատարմագրային կառավարչի հանձնակատար նշանակելու գործընթացն սկսվել է այն պահից, երբ գիտակցել են գործող հավատարմագրային կառավարչին կալանքի տակ պահելու շարունակականության փաստը:

Եվ, ևս մեկ էական հանգամանք, Պատգամավորը չի մասնակցել հիմնադիր ժողովի, մասնակցել է արտահերթ ընդհանուր ժողովի: Մասնակցությունն էլ պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նման իրավիճակում արտահերթ ժողովներին Պատգամավորի մասնակցությունը եղել է այն միակ միջոցը, որը կարող էր ընկերությունների բնականոն գործունեությունը զերծ պահել ձախողումներից:

Այսպսով, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտում թույլ չի տրվել»,- գրել է Խաչատրյանը և նշել՝ քանի որ առարկությունները և պատճառաբանությունները ծավալուն են, անհրաժեշտության դեպքում դրանք առանձին կներկայացվեն Ազգային ժողով, հնարավոր է՝ նույնիսկ Սահմանադրական դատարան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ