Նոյեմբերի 10-ի հայտնի հայտարարությունն իր անդառնալի հետևանքն է ունենալու ողջ հայ ժողովրդի վրա, ուստի հանրությունն անվիճարկելի իրավունք ունի առնվազն տեղեկացված լինելու, թե ինչ գործողություններ / որոշումներ են նախորդել այս խայտառակ հայտարարությանը` հատկապես վերջին երկուսուկես տարիների ընթացքում՝ վեր հանելու համար, թե ինչն է հանդիսացել այս համազգային աղետի պատճառը:
Նշված հարցերի պարզաբանման նպատակով այսօր հարցում եմ ուղարկվել արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել սկսած 2018 թվականի մայիսի 8-ից ցայօսր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարած երկկողմանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վարված բանակցությունների արձանագրությունները, ձայնագրությունները, գրագրությունները, նոտաների փոխանակումները, նախագծային փաստաթղթերի փոխանակումները և վերաբերելի այլ փաստաթղթերը: Արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է տրամադրել այդ տեղեկությունները:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այդ տեղեկությունները ենթակա են հրապարակման պետական գաղտնիքի տեսանկյունից, նշեմ, որ արտաքին հարաբերությունների բնագավառի տեղեկությունները կարող են համարվել պետական գաղտնիք բացառապես այն պարագայում, եթե դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել երկրի անվտանգության համար: ՈՒստի տվյալ պարագայում, չի կարող խոսք լինել պետական գաղտնիքի պաշտպանության մասին, քանի որ փաստաթուղթն արդեն իսկ հայտարարվել և հրապարակվել է, ուստի պետք է հրապարակային դարձվեն նաև դրան նախորդող բանակցությունները, որոնք հանգեցրել են նման փաստաթղթի գոյության: Ավելին, Միջազգային պայմանագրերի մասին օրենքը միջազգային պայմանագրերի և դրանց նախորդող բանակցությունների և գործողությունների վերաբերյալ հանրությանը տեղեկություններ հաղորդելու մասով որևէ արգելք/սահմանափակում չի նախատեսում։
Ավելին, թե 1969 թվականի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիան, և թե 1961 թվականի Դիվանագիտական կապերի մասին կոնվենցիան միջազգային պայմանագրերի ստորագրմանը/կնքմանը նախորդող իրադարձությունների մասին հանրությանը տեղեկացնելու պետության պարտականության վերաբերյալ որևէ սահմանափակում չեն պարունակում։ Պետք է նաև նշել, որ միջազգային իրավունքում կիրառվում են միմյանց հետ փոխկապակցված և համատեղ գործող այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են կառավարման հաշվետվողականության (accountability) և թափանցիկության (transparency) սկզբունքները:
Նշված սկզբունքների էությունը կայանում է նրանում, որ պաշտոնատար անձանց գործողությունները և որոշումները պետք է լինեն հանրային վերահսկողության առարկա, որպեսզի երաշխավորվի դրանց համապատասխանությունը առաջադրված նպատակներին, և այն անձանց շահերի պաշտպանությունը, որոնք հանդիսանում են տվյալ մարմնի գործունեության շահառու: Նպատակն այն է, որ հանրությունը կարողանա տեսնել և հասկանալ կառավարության աշխատանքը: Հանրությունն իրավունք ունի ծանոթանալու կառավարման արդյունքներին, ինչպես նաև այդ արդյունքների վրա հասնելու պատճառ հանդիսացած նախորդող գործողություններին և որոշումներին:
Կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, տվյալ պարագայում ի դեմս արտաքին գործերի նախարարության, ունի հաշվետվողականության և թափանցիկության պարտականություն ՀՀ քաղաքացիների և առհասարակ ողջ հայ ժողովրդի առաջ: Եվ լիահույս եմ, որ արտաքին գործերի նախարարությունը կգործի բարեխիղճ կերպով՝ կատարելով իր պարտականությունները հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների շրջանակներում:
Այնուամենայնիվ, եթե արտաքիր գործերի նախարարությունը հրաժարվի տրամադրել պահանջված տեղեկությունները, ապա մենք վճռական ենք դիմելու ընդհուպ ԵԱՀԿ քարտուղարություն՝ այդ տեղեկությունների ստացման նպատակով:
Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը