Կես ամիս է արդեն, ինչ փակ է Բերձորի՝ Լաչինի միջանցքը։ Գորիսում ապաստանած արցախցիները հենց լսում են, որ հնարավոր է բացվի ճանապարհը, շտապում են խանութ, գնում սնունդ, որ հետները տանեն տուն։ Բայց ամեն օր պարզվում է՝ սուտ տեղեկություններ են։ Լաչինի միջանցքը բացելու, կարծում եմ, երեք տարբերակ կա․ տարբերակներից մեկը ուժայինն է, մյուսը՝ միջազգային ճնշումներն ու սանկցիաները, որոնք, հնարավոր է, ստիպեն բացել ճանապարհը, երրորդը՝ բանակցությունները։
Ուժային տարբերակը, անկեղծ ասած, չգիտեմ ով պետք է անի․ ռուս խաղաղապահնե՞րը, նրանք դրա լիազորությունը չունեն ըստ պայմանագրի, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյա՞նը, որը ամբողջ զինված ուժերին պարգևավճարներ է բաժանել օրերս, Սասուն Միքայելյանն իր երկրապահո՞վ, Նիկո՞լը իր որդու հետ, որ թնդանոթի դիմաց դուխով կանգնած էր, մինչ մյուսները լեղապատառ փախչում էին, Անդրանիկ Քոչարյանի տղե՞րքը, մի գուցե տարատեսակ բերետավորնե՞րը, որ պատրաստ են ամենքին պոլով տալու, մենակ թե Փաշինյանի դեմը փակող չլինի․ չգիտեմ, 120 000 հայերի ապրելու համար արդյո՞ք տենց ջանասիրաբար պատրաստ են, հատակին տալ ադրբեջանցի էկոլոգներին։ Ամեն դեպքում, ինչը որ տեսնում եմ, սրանք, պատրաստ են ոչինչ չանելու, կամ ամեն ինչ հանձնելու, միայն թե իշխանությունից չզրկվեն։ Այլ նպատակներ չկան։
Գանք երկրորդ տարբերակին՝ միջազգային ճնշումներ և սանկցիաներ․ լավ տարբերակ էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, հայերս փառավորվեցինք, դատապարտումներ եղան, Արտակ Բելգլարյանն էլ դադարեցրեց նստացույցը, ասաց, թե ՄԱԿ-ին էր դիմում, ՄԱԿ-ն իր գործը արեց։ Ո՞ւ։ Հայկական ողջ դիվանագիտությունը, բարեկամ երկրների հետ միասին, չկարողացավ հասնել նրան, որ ՄԱԿ-ն անգամ մամուլի հաղորդագրություն տարածի, բանաձև ընդունի։ Բարոյախրատական կենացներն ու ճառերը Ադրբեջանի վրա ճնշում էի՞ն։ Հաջորդ օրը հետը գազային համաձայնագրեր կնքեցին։ Հարցում են արել Հայաստանում, պարզվում է, որ հայաստանցիների 35 տոկոսից ավելին Ֆրանսիան համարում է բարեկամ պետություն, առաջին տեղում է․ մեր բարեկամ Ֆրանսիան, որ Ուկրաինայի հարցով լիքը պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի դեմ, Ադրբեջանի դեմ քա՞նի պատժամիջոց է ընդունել։ Ամենաբարեկամ պետությունն է մեզ հետ․ ռուս խաղաղապահը կանգնած է մեր սահմաններին, մենք Ֆրանսիա ենք գովերգում ու քլնգում ռուսներին։ Ամբողջ աշխարհը 1000 պատժամիջոց է սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի համար, ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո քա՞նի երկիր պատժամիջոց կիրառեց Ադրբեջանի դեմ՝ հստակ իմանալով, որ այդ կոռումպացված, հակաժողովրդավարական ու ցեղասպան երկիրը խիստ պատժամիջոցներով հնարավոր է խելքի գա։ Իսպանիայի կոնգրեսը դատապարտեց, ապրեն իրենք, Չինաստանը կոչ արեց, իրենք էլ ապրեն, ԱՄՆ-ն կոչ արեց, Ֆրանսիան դատապարտեց, Ուրուգվայը դատապարտեց, հետո՞, իրական հողի վրա ի՞նչ կա։ Իսկ Հայաստանի իշխանությունը, իր վարած դիվանագիտությունն իրենից ի՞նչ էր ներկայացնում, որ կարողանար հասնել սանկցիաների։ Էն Դիջեյ Էդո կար մի հատ, խոսում էր Հայաստանի դիվանագիտական մեկուսացումից․ դե տեսեք, թե մեկուսացումը որն է։
Լաչինի միջանցքը բացելու մյուս տարբերակը, որ տարբերակներից գլխավորն է, բանակցություններն են։ Ովքե՞ր պետք է բանակցեն։ Հիմա Հայաստանի իշխանությունն ասում է պետք է բանակցեն ռուս խաղաղապահները, պետք է բանակցեն Ադրբեջանցիներն ու ղարաբաղցիները։ Իրենք հեչ։ Եթե ճանապարհը փակելու խնդիրը լիներ հենց Լաչինի միջանցքում, այդ այսպես կոչված բնապահպանների հետ, այո, կասեինք, պետք է բանակցեն ռուս խաղաղապահները․ բայց խնդիրը Բաքվում է, Ալիևն է խնդիրը, մեզ մոտ՝ Նիկոլն է, իմ կարծիքով, ի՞նչ խաղաղապահ։ Պետք է բանակցեն նրանք, ովքեր Բաքվի հետ բանակցում են ուղիղ կապով, միջնորդավորված կապերով։ Բայց Հայաստանի բանակցողներից էլ սատանան անգամ գլուխ չի հանում։ Արարատ Միրզոյանը հրաժարվում է Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններից, էն էրեխու պես պռոշ է անում, ասում է՝ չեմ գնում, քանի դեռ չի բացվել սահմանը․ մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնաս, գործ անես, բանակցես, սպառնաս, եթե պետք է, չգիտեմ՝ ջան ջիգյար անես․ էդ էլ եք կարողանում, բանակցես, որ բացել տաս ճանապարհը։ Բա որ չես գնում բանակցելու, բա քո երկրի պահանջները, դիրքորոշումը ինչպե՞ս ես տեղ հասցնելու, Լավրովը քո տեղը պետքա խոսի՞ մեզ համար։ Մանավանդ որ դուք ասում եք հա՛մ Բաքուն է մեղավոր, հա՛մ Մոսկվան, ռուս խաղաղապահները․ բա երկուսի ներկայացուցիչներն էլ Մոսկվայում էին, գնայիր մեր ասելիքը ասեյիր, հա՛մ Լավրովին քո ասելիքը կասեիր, հա՛մ Բայրամովին։ Միրզոյան Արարատն ասում էր՝ ես պատրաստ եմ հռհռալ Չավուշօղլուի հետ, եթե դրանով կփրկեմ մեկ զինվորի կյանք, բա 120 հազար մարդու կյանք վտանգի տակ է, էդ ժպիտդ առ գնա Մոսկվա։ Բա հեռվից հեռու քլնգում եք, աքլորանում եք, գնացեք բանակցեք, գործ արեք։ Իսկ միգուցե Նիկոլը չի թողնում որ Արարատը գնա, որովհետև գիտի ինչ է սպասվում․ հնարավոր է՝ տեղում պարզվի, որ էլի եսիմինչեր է խոսք տվել Ալիևին, Պուտինի ներկայությամբ, ու հիմա չի անում․ Բայրամովն էլ ասի, այ ընկեր գնա շեֆիդ ասա՝ ի՞նչ պայմանավորվել են, թող կատարի, թե չէ՝ չենք բացում, Լավրովն էլ ասելու տեղ չունենա։
Կարծում եմ շատ նման է․ քանի որ, եթե Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն էր, որ պետք է չբանակցել Ադրբեջանի հետ, քանի չեն բացել Լաչինի միջանցքը ու այդ հիմնավորմամբ Արարատ Միրզոյանը հրաժարվեց բանակցելուց, բա այդ դեպքում ինչի՞ Փաշինյանը ընտանյոք հաներձ վազեց Սանկտ Պետերբուրգ հանդիպման, որտեղ լինելու էր նաև Ալիևը։ Այսօր իմացանք, որ հանդիպում էլ եղել է։ Իսկ ի՞նչ էր անում Նիկոլը Ալիևի հետ․ հաց էր կիսում, սեղան էր նստել։ Ալիևը փակել է Արցախի կյանքի ճանապարհը, որ ցեղասպանի հայերին, Նիկոլը նրա հետ հաց է կիսում։ 5 հազար հայորդու սպանել են, քա՞նի անգամ է դրանից հետո Նիկոլը Ալիևի հետ սեղան նստել, հաց կիսել, գինի խմել։ Ստեղ են ասում․ բա էլ ի՞նչ ենք ուզում։
Կարճ ասած՝ որոշումները Հայաստանում կայացնում է մեկ հոգի, այդ որոշումները ոչ թե տրամաբանական հաջորդականություն ունեն, այլ ունեն մի նպատակ՝ որքան հնարավոր է երկարացնել իշխանությունը, իսկ վաղը կարող է ջրհեղեղ էլ լինել։ Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունները Հայաստանի հարևանների ու բարեկամների հետ, բարեկամներին դարձնում է հակառակորդ․ միայն հերիք կլիներ երեկվա Արմեն Գրիգորյանի արած հայտարարությունը, թե՝ Ռուսաստանը ստիպում է մեզ մտնել միութենական պետություն ու տրամադրել միջանցք Ադրբեջանին, ինչին Պուտինի խոսնակ Պեսկովը պատասխանեց, որ նման բան չկա, իսկ այդ հայտարարությունը համարեց սադրանք։ Տեսեք ու՞ր ենք հասել, լուրջ եմ ասում, գժվելու բան է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը