ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կալանավորման միջնորդություն են ներկայացրել, նիստը հետաձգվել է:
Նա նշեց՝ ԱԱԾ հրապարակած ձայնագրություններում խոսվում է հավաքների մասին։
«Եթե հավաքներին մասնակցելը կամ կազմակերպելը իշխանության յուրացում է, իշխանության ներկայացուցչին սպանել նախապատրաստել է՝ ես բան չունեմ ասելու, իրավաբանության մեջ նման հիմնավորում գոյություն չունի: Նախապատրաստումը իրենից ենթադրում է կոնկրետ անձի գործողություններ, մեզ համար պարզ չի՝ Բաղդասարյանն ինչ է կատարել: Եթե ուշադիր լինեք ձայնագրությանը, հատուկ կպցրած են իրար, որ փորձեն անմիջական կապ հաստատել», - ասաց նա:
Փաստաբանը նաև նշեց, որ Բաղդասարյանին ձերբակալել են զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար:
«Բաղդասարյանի տանը խուզարկություն են կատարել, նրա տանը 2011թ. ծննդյանը նվեր ստացած օրինական զենքն է, և ձերբակալվել է դրա համար: Ներկա պահին այդ մասը մեղադրանքից հանվել է», - ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ Բաղդասարյանին բերման ենթարկելն ու ձերբակալելը, մեղմ ասած, ոչ իրավաչափ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը