09 11 2020

Արա Սաղաթելյանի փաստաբանը հաղորդում է ներկայացրել կեղծ նամակագրություն վերագրած անձի դեմ

Արա Սաղաթելյանի փաստաբանը հաղորդում է ներկայացրել կեղծ նամակագրություն վերագրած անձի դեմ

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել կեղծ նամակագրություն վերագրած անձի դեմ։

«Սույն թվականի նոյեմբերի 7-ին ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանի կողմից իմ վստահորդ Արա Սաղաթելյանի վերաբերյալ կատարված ֆեյսբուքյան գրառումն առերևույթ պարունակում է սուտ մատնության հատկանիշներ:

Նշված փաստի առթիվ քրեական գործ հարուցելու և մեղավորներին քրեական պատասխանատության ենթարկելու պահանջով այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Առաջիկա օրերին նույն անձի նկատմամբ ներկայացվելու է նաև զրպատության վերաբերյալ հայցադիմում:

Անզեն աչքով տեսանելի է, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հրապարակված նամակագրության տեսանաձայնագրությունում պարունակվող տեղեկատվությունն առերևույթ կեղծ է: Այդ հանգամանքը հեշտությամբ կբացահայտվի համապատասխան փորձաքննության արդյունքում, ինչպես նաև կպարզվի այն պատրաստողների և տարածողների շրջանակը:

Նշված հակաիրավական գործողությունները կրկնակի դատապարտելի են, քանի որ կատարվել են այս վճռորոշ օրերին առաջնագծում կանգնած անձի նկատմամբ», - հայտնում է փաստաբան Հակոբ Ենոքյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ