ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ինձ փոխանցվեց հայ գերիների նկատմամբ ազերի զինուժի մարդասպանների կատարած անմարդկային դաժան վերաբերմունքը փաստող երկու տեսանյութ:
Որևէ սթափ տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել, թե ինչպես մարդը կարող է դառնալ այսպիսի գազան, այսպիսի հրեշ:
Ադրբեջանցի զինվորականները, միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ, մարդկանց ենթարկում էին սարսափելի նվաստացման, որից հետո սպանում բացառիկ ցինիզմով:
Այդ տեսանյութերը առավոտից տարածվել են ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցիալական ցանցերով, որոնք ունեցել են հարյուր հազարավոր դիտումներ:
Իհարկե, ավելի ուշ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հերքել և փորձել է տեսանյութերը համացանցից հեռացնել, բայց մեկ բան աներկբա է՝ տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է, տեսանյութերը պատերազմական հանցագործության մասին անհերքելի իրավական ապացույցներ են և այսօր այդ տեսանյութերը՝ կից պարզաբանմամբ իմ կողմից, որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ուղարկվել է ԵԽԽՎ նախագահին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակին, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին։
Ես րոպե առաջ ակնկալում եմ, որ միջազգային այս կառույցները, որոնք 24-ժամյա ռեժիմով խոսում են մարդու իրավունքից, խոսում են կյանքի իրավունքից, խոսում են խոշտանգումների և նվաստացման բացառումից, Ադրբեջանի զինուժի արարքին պիտի հստակ գնահատական տան՝ որպես պատերազմի հանցագործություն, դրանից բխող իրավական բոլոր հետևանքներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը