12 09 2020

Իշխանությունների խուճապը. «Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու». 168.am

Իշխանությունների խուճապը. «Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու». 168.am

168.am-ը գրում է.

«Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում։ Հայտնի դարձած տեղեկատվության իմ մեկնաբանությունը հետևյալն է. Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է»,- դեռևս 2018թ. օգոստոսի 17-ին իր հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դրանով իսկ ակնկալիքներ ու սպասելիքներ առաջացնելով Մարտի 1-ի անմիջական շահառուների մոտ:

 Հիշեցնենք, որ այդ հանրահավաքից ու հայտարարությունից ուղիղ 4 օր առաջ՝ օգոստոսի 13-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:

 Նույն միտքը Նիկոլ Փաշինյանը կրկնեց ուղիղ մեկ տարի անց՝ 2019թ. սեպտեմբերի 16-ին:

 «Այո՛, բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին։ Ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտված մինչև վերջ, նաև այն պատճառով, որ քննչական խմբի ղեկավարն ապացույցները կեղծել է, տեղում կրակած փամփուշտները փոխարինվել են հաջորդ օրը, այլ տեղում կրակված փամփուշտներով»,- մասնավորապես ասել էր Փաշինյանը՝ 1 տարի անց ինչ-որ կերպ հասկանալով, որ Մարտի 1-ի բացահայտված գործ չկա, և իր սովորության համաձայն՝ դրա համար մեղավոր նշանակելով… այս անգամ արդեն Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին:

 Հետագայում, իհարկե, իր հանգամանալից հարցազրույցում Վահագն Հարությունյանը մեկ առ մեկ հերքեց իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները:

 Ինչևէ:

 Այսօր 2020թ. սեպտեմբերի 12-ն է, և ոչ միայն Մարտի 1-ը բացահայտված չէ, այլև գործն ըստ էության տեղից չի էլ շարժվել, քանի որ սպանությունների մասով գործը դեռ նախաքննության փուլում է, և ոչ մի նորություն դրա ընթացքի վերաբերյալ չկա, իսկ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործն էլ, որ այսօր դատարանում է, այն փուլում է, որ փուլում որ գտնվում էր ամենասկզբում:

 Ավելին, օրեր առաջ՝ սեպտեմբերի 7-ին, Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց փաստաբանները հայտարարեցին, որ այլևս չեն պատրաստվում շարունակել իրենց մասնակցությունը դատավարությանը:

 «Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»,- ասել էր փաստաբան Տիգրան Եգորյանը:

 168.am-ի հետ զրույցում, սակայն, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանն ասել էր, որ հարցն այն է, որ այդ մարդիկ ընդհանրապես տուժողի իրավահաջորդ կարգավիճակն այս գործով չունեն:

 «Չեն կարող այս գործով լինել տուժողի իրավահաջորդ, նրանց ներկայացուցիչ հասկացությունները, որովհետև այս գործը չի քննվում մարմնական վնասվածքների, սպանությունների մասով: Այդ մասով գործը հիմա քննվում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ), և իրենք այդ կարգավիճակն այդ գործով են ստացել ու դրանով էլ պահպանել են այն: Այս պահին այդ գործով դեռևս նախաքննություն  է ընթանում»,- մասնավորապես նշել էր Հայկ Ալումյանը:

 Նա նաև ասել էր, որ  նախորդ դատական նիստին իրենք միջնորդություն են ներկայացրել դատավորին այն մասին, որ տուժողներն ու տուժողների իրավահաջորդները դատական նիստերին չմասնակցեն տուժողների և տուժողների իրավահաջորդների կարգավիճակով, որը քննարկվել, ապա հետաձգվել է այն պատճառով, որ մյուս կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատական նիստի երկրորդ մասին ներկա չի եղել, և դատարանը որոշել էր հետաձգել նիստը, որ Եգորյանը գա ու իր կարծիքը հայտնի: Հավելել էր, որ դատարանը պարտավոր կլինի բոլոր դեպքերում որոշում կայացնել՝ անկախ նրանից՝ նրանք կգա՞ն, թե՞ ոչ:

 Սեպտեմբերի 8-ի  դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը և հայտարարեց, որ այս գործով որպես տուժողներ ու նրանց իրավահաջորդներ ներկայացող անձանց դատավարական կարգավիճակը չի դադարեցվում, և վերջիններս կշարունակեն իրավունք ունենալ այս գործով ներկա գտնվել՝ որպես տուժողներ և տուժողի իրավահաջորդներ:

 Թե իրականում ո՞րն էր «չենք մասնակցելու դատական նիստին այլևս» շոուի իրական նպատակը, և ինչո՞ւ նրանք այլևս չեն մասնակցելու նիստերին, իրենք կիմանան, սակայն փաստ է, որ գոնե թե այս փուլում նրանց մասնակցությունը՝ որպես տուժողներ, տուժողի իրավահաջորդներ ու ներկայացուցիչներ, մեղմ ասած, բոլորովին պարտադիր էլ չէր, ու իրենք, թերևս, այդ մասին լավ գիտեին:

 Պատահական չէ, որ իրենց որոշումը նրանք ցեմենտում են այնպիսի փաստարկներով, թե իբր ուժային իրավապահ կառույցները սաբոտաժ են անում, դատախազությունը, օրինակ, պատշաճ չի կատարում իր վերահսկողական գործառույթները, իսկ ԱԱԾ-ն էլ գիտի, թե ինչ է եղել Մարտի 1-ին, բայց նախաքննական մարմնին նյութեր չի տրամադրում: Կարճ ասած՝ սաբոտաժ են անում, իսկ ավելի կոնկրետ՝ բոլորը մեղավոր են՝ դատարանները, դատախազությունը, ԱԱԾ-ն, բացի Հատուկ քննչական ծառայությունից, որն այս խայտառակ նախաքննության հեղինակն է, բոլորը մեղավոր են:

 Նույնիսկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր ասել. «Մարտի 1-ի զոհերի հարազատների արձագանքը մարդկայնորեն հասկանում եմ, և այն ճիշտ է, որովհետև այն զրկանքը, որն իրենք են կրել, միշտ բերում է արդարության պակասի զգացողության և, հետևաբար, իրենք անընդհատ փնտրում են արդարություն և սպասում արդարադատության։

 Բայց իրավական պրոցեսները տանողների վերջին հայտարարությունն ու որդեգրած քաղաքականությունը որևէ կերպ չեն նպաստելու գործի արագ քննությանը։

 Այո՛, ինքս խնդիրներ տեսնում եմ, բայց դրանցում մեղադրել գործադիր կամ օրենսդիր իշխանությանը՝ սխալ է»:

 Մյուս կողմից՝ հետաքրքիր է հետևել այս ներքին հակամարտությանը, երբ նշված բոլոր գերատեսչությունները տևական ժամանակ մեղադրում էին միայն դատարաններին՝ չցանկանալով ընդունել, որ ՀՔԾ-ում այս գործով ու ոչ միայն այս, այլև այլ գործերով ևս պարզապես խիստ վիճարկելի գրագիտության նախաքննություն է տարվել, ու նման տեսքով դատարան մտած որևէ գործ հեռանկար չուներ իշխանությունների քիմքին հաճո և ոչ հաճո վճռի տեսանկյունից: Դե, իսկ դատախազությունն էլ իր հերթին է թույլ տվել, որ կասկածելի որակի քննությամբ գործերը դատարան մտնեն:

 Ու արդեն չեն կարող ամեն բան բարդել դատարանների ու դատավորների վրա, ասել, որ նրանք նախկիններին են սպասարկում, դրա համար մինչև այսօր հայտարարած գործերով որևէ ավարտուն դատավճիռ չկա, որովհետև ոչ մի դատավոր գլխից ձեռք չի քաշել, որ իր տրամադրության տակ չունենալով բավարար ապացուցողական բազա՝ կայացնի մի վճիռ, որի տակից չկարողանա հետագայում դուրս գալ:

 Պարզապես հիմա, թերևս, Փաշինյանին մերձ իրավաբաններից ոմանք հանդգնում են նրան ասել, որ, այնուամենայնիվ, ամեն ինչ այնպես չէ, ինչպես որ իրեն ներկայացրել են նախորդ ժամանակահատվածում, և սա իրականում  խուճապ է առաջացրել իշխանությունների մոտ, որովհետև հիմա կարծես թե պատկերացնում են՝ ինչի մեջ են գցել իրենց էլ, իրավապահ համակարգին էլ, հասարակությանն էլ, Մարտի 1-ի կողմերին էլ:

 Մի խոսքով, Մարտի 1-ի գործը գտնվում է փակ շրջանում. ոչ գործն են կարողանում մեկ միլիմետր գոնե առաջ տանել, ոչ էլ կարող են կարճել հայտնի ասացվածքի տրամաբանության մեջ, քանի որ «էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»:

 Իսկ Սասուն Խաչատրյանն արդեն հարցազրույցներ չի տալիս ու ամպագոռգոռ հայտարարություններ չի անում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ