Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
««Կացնային» վերաբերմունք
ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակն են մտել, հավաքել անձնական իրերն ու ուղարկել նրան։ Այժմ չեմ ուզում անդրադառնալ, ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամի պատճառներին, դրանց օրինականությանը եւ այլն։ Նաեւ ենթադրենք, որ աշխատասենյակ մուտք գործելն ու այն , ըստ էության, «խուզարկելն» ու Ալվինա Գյուլումյանի անձնական իրերը հավաքելը բխում է օրենքի տառից։ Բայց չէ՞ որ գոյություն ունեն նաեւ չգրված, էթիկայի կանոններ, տարրական հարգանք անձի, մանավանդ իր մասնագիտական եւ մարդկային հատկություններով իրեն երբեք չարատավորած պաշտոնյայի նկատմամբ։Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ նշյալ գործողությունը կատարելու հրահանգ տվող Սամվել Առաքելյանը անձամբ ճանաչել եւ ջերմ հարաբերություններ է ունեցել Ալվինա Գյուլումյանի հետ, ապա այս պատմությունն ավելի քան անընդունելի է։ Լավ, միթե՞ հնարավոր չէր գոնե զանգահարել եւ զգուշացնել տիկին Գյուլումյանին, «վերեւից» եկող հրամանի մասին եւ խնդրել գալ ՍԴ։
․․․Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի արագացված տեմպերով Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի «սեփականաշնորհմանը», ապա կարելի է ենթադրել, որ Վահե Գրիգորյանի համար ոչ թե իր մասնագիտությունն ու ՍԴ-ն են կարեւոր, այլ իր անձնական բարեկեցությունը։ Թե՞, ես սխալվում եմ, գուցե ավելի հարմարավետ, աշխատասենյակում է գալիս մասնագետի ստեղծագործական մուսան, եւ միայն հին, նեղ, տարրական հարմարություններից , լուսավորությունից զերծ աշխատասենյակն էր պատճառը, որ Վահե Գրիգորյանն ավել քան մեկ տարի լինելով ՍԴ անդամ, ներեցեք՝ դատավոր, չէր կարողանում կենտրոնանալ , աշխատել եւ մասնակցել ՍԴ նիստերին․․․իհարկե, չմոռանալով իր տանջանքների համար բարձր աշխատավարձ եւ պարգեւավճարներ ստանալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը