ՍԴ աշխատակազմի ղեկավարին ժամանակավորապես փոխարինող Սամվել Առաքելյանը բավականին մտերիմ է ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի հետ, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է AntiFake կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը:
«Վահե Գրիգորյանի մերձավոր Սամվել Առաքելյանի կողմից ՍԴ-ում խայտառակ ապօրինություն է տեղի ունեցել:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և խմբակցությունից առանձնացված՝ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Ազգային ժողովում ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականության հարցը։
Մինչդեռ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի, ՍԴ աշխատակարգի 24, 25, 30, 31-րդ կետերի վերլուծությունից պարզ է դառնում, որ եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում օրենքի պահանջներին՝ աշխատակազմը նշվածի մասին տեղեկացումը ու դիմումի վերադարձն իրականացնում է եռօրյա ժամկետում: Եթե նշված հիմքերը բացակայում են, ապա ՍԴ նախագահը գործը մակագրում է ՍԴ դատավորներից մեկին՝ նախնական ուսումնասիրություն կատարելու համար: Նախնական ուսումնասիրության հիման վրա ներկայացված հաղորդումից հետո հարցը ներառվում է աշխատակարգային նիստի օրակարգ՝ որոշում կայացնելու համար:
Տվյալ դեպքում, ԲՀԿ պատգամավորների ներկայացրած դիմումը եռօրյա ժամկետում չի վերադարձվել նրանց՝ ձևին չհամապատասխանելու հիմնավորմամբ, այլ մակագրվել է դատավորի՝ հաղորդում ներկայացնելու համար, ինչը նշանակում է, որ ձևի առումով դիմումը վերադարձնելու հիմք առկա չի եղել: Ավելին, նշված դիմումը ներառված է եղել աշխատակարգային նիստի օրակարգում, որպեսզի դատավորներն այդ հարցով որոշում կայացնեն:
Փաստացի ստացվում է, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարող Սամվել Առաքելյանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, առանց դատավորների գիտության գործը «խլել է» նրանցից՝ զրկելով նրանց որոշում կայացնելու հնարավորությունից: Մասնավորապես, նշված դիմումը ոչ միայն վերադարձրել է եռօրյա ժամկետի խախտմամբ՝ մոտ երկու ամիս ուշ, այլև դա տեղի է ունեցել մի փուլում, որտեղ ՍԴ աշխատակազմը այլևս անելիք չուներ (ՍԴ նախագահի կողմից դիմումը մակագրվել էր դատավորի, հարցը ներառվել էր աշխատակարգային նիստի օրակարգ, որպեսզի դատավորները որոշում կայացնեին, այնինչ նիստի օրը հանկարծակի տեղեկացվել են դիմումի վերադարձի մասին):
Հարկ է նշել, որ ստորագրությունների հարցը բնավ տեխնիկական բնույթ չի կրում: Պառլամենտական պետությունում ընդդիմության շահերի պաշտպանության, իշխանությունների տարանջատման սկզբունքի պատշաճ իրացման տեսանկյունից այն իրենից ներկայացնում է իրավական առումով բավականին բարդ խնդիր, ուստի գործի ընդունելության հարցը դատավորների որոշմանը թողնելը միանգամայն օրինաչափ քայլ է եղել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում ՍԴ-ն գոնե կարողացել էր զերծ մնալ նման ֆուտուրիստական իրադարձություններից, մեզ մոտ հարց առաջացավ, թե որն է նման ակնհայտ ապօրինի վարքագծի պատճառը: Պարզվում է, ՍԴ աշխատակազմի ղեկավարին ժամանակավորապես փոխարինող Սամվել Առաքելյանը բավականին մտերիմ է ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի հետ, ուստի այս դեպքում մեզ քաջածանոթ ձեռագրի առկայությունը խիստ տրամաբանական է», - գրել է Մաթևոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը