News.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ խմբակցությունից առանձնացված՝ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Ազգային ժողովում ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Նա նշեց, որ վարույթի մերժման մասին տեղեկացել են այսօր։
Աբովյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը դիմումը վարույթ չի ընդունել, որովհետեւ անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն, մինչդեռ ստորագրությունների քանակը 26-ն է եղել։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հուլիսի 26-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները։
Այդ փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը, եւ բարձր դատարանի կազմից հեռանան 12 տարի պաշտոնավարած դատավորները։
Նշենք, որ 12 տարի պաշտոնավարած դատավորներն են Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը:
Այդ դիմումին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմիացավ, հայտարարելով, որ ՍԴ կդիմի բարձր դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը