ՔԿՀ-ներում տարիներ շարունակ խոշտանգման դեպքերը կապված էին քրեական ենթամշակույթի հետ, և կարող ենք արձանագրել, որ ուղղակի բառեր չէին, որ պայքարելու ենք այդ ենթամշակույթի դեմ, լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի՝ խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է:
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է, ընթանալու է: Վերջին հարուցված քրեական գործերին դուք ծանոթ եք և, բնականաբար, որոշ դեպքերում այդ քրգործերի կամ դրանցից դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրության արժանանալ: Այդ դիմադրությունը հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա: Խոշտանգման մասին խոսելն ավելորդ է: Խոշտանգումները կապված են եղել քրեական ենթամշակույթի, այդ ենթամշակույթի ազդեցության, այդ թվում՝ ՔԿԾ-ի վրա ազդեցության հետ: Հիմա մենք զբաղված ենք այդ հետևանքը ծնող պատճառների վերացմամբ», - ասաց նախարարը:
Ռուստամ Բադասյանն ընդգծեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի կիրառելիության հետ կապված ոչ մի մտահոգություն չունի:
«Ակնհայտ է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ», - ասաց նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը