22 08 2020

Ո՞րն է կայացած ինստիտուտը քանդելու նպատակը․ Արամ Վարդևանյան․ Tert.am

Ո՞րն է կայացած ինստիտուտը քանդելու նպատակը․ Արամ Վարդևանյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «ՀՀ ՍԴ-ն ձևավորվել է 1996 թվականին և մինչ օրս ունի 1000-ից ավել որոշումներ,  այստեղ իրավունքի ինստիտուտի զարգացումը հստակորեն ուրվագծված է։ Քանդելով այս կայացած ինստիտուտը՝ ի՞նչ արդյունք ենք ակնկալում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորվելու քննարկումներին:

Նշենք, որ այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշել է հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանները միավորվեն մեկ ատյանի մեջ, իսկ ստեղծվելիք դատարանը հավանաբար կկոչվի՝ «Գերագույն»:

 

Անդրադառնալով որոշմանը՝ Արամ Վարդևանյանը մանրամասնեց, որ 20-րդ դարի սկզբից Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրներում, բացառությամբ մեկ-երկու երկրի, կան Սահմանադրական դատարաններ, խորհուրդներ, և Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրոպական խորհրդի անդամ երկիր, հանդիսանում է եվրոպական իրավունքի ընտանիքի մաս, այս պայմաններում ինչպե՞ս կարող է իրավունքի և սահմանադրականության զարգացման տեսանկյունից արդարացված լինել Սահմանադրական Դատարանից հրաժարվելը:

Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ նման կարևորագույն ինստիտուտների զարգացման համար պահանջվում է ժամանակ․ «Իսկ արդյո՞ք մենք ունենք նման շռայլություն մեզ թույլ տալու հնարավորությունն այն դեպքում, երբ ՍԴ-ն  կայացած ինստիտուտ է և Վենետիկի հանձնաժողովի կողմից ճանաչված է որպես լավագույն գործընկեր մարմիններից մեկը. «Օրինակ այն երկրներում, որտեղ սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում, Վենետիկի հանձնաժողովը մշտապես  հարցնում է ՀՀ ՍԴ-ի կարծիքը՝ որպես կայացած ինստիտուտի: Մենք սրանով ի՞նչ ազդակ ենք տալիս, ունենք կայացած մի ինստիտուտ, դա քանդում ենք հանուն ինչի՞, ի՞նչն է ավելի բարձր արժեքավոր նպատակը, որ քանդենք 1996 թվականից ձևավորված ինստիտուտը»:

Սահմանադրագետը, անդրադառնալով քննդատություններին առ այն, որ ՍԴ-ն ընտրական վեճերի հետ կապված ոչ արդարացի որոշումներ է կայացրել, նշեց, որ դա չի կարող ՍԴ-ն այլ դատարանի միացնելու համար հիմք հանդիսանալ, դրանք իրավական գիտելիքներին չտիրապետող անձանց կողմից գնահատականներ են, որովհետև որևէ մեկը ընտրական վեճերի մասով ՍԴ-ի որոշումների օբյեկտիվ քննադատություն և ապացույց չի ներկայացրել, քանի որ դրանք եղել են ոչ հիմնավոր:

Արամ Վարդևանյանը նշում է, որ բոլոր դատական ատյաններում դատավորների թվաքանակի խնդիր կա, բացառությամբ ՍԴ-ի, որը, ունենալով 9-ը դատավորի կազմ, երբեք չի ունեցել գործի քննության ժամկետի խնդիր.

«Շատ դեպքերում Վճռաբեկ դատարանը նույն սեփականության իրավունքի հետ կապված բազմաթիվ վեճերում, իր ավանդույթին հարիր, բողոքը վարույթ չի ընդունում, իսկ ՍԴ-ը դրանք ընդունել է վարույթ և հակասահմանադրական նորմեր է ճանաչել, դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը վերանայել է վարույթը և անձի սեփականության իրավունքը վերականգնվել է: Հիմա մենք ուզում ենք զրկել անձանց այս հնարավորությունից:

Ես չեմ պատկերացնում, ինչպես Վլադիմիր Վարդանյանը, ում հետ աշխատել եմ  ՍԴ-ում, ով քաջատեղյակ է Վենետիկի հանձնաժողովի զեկույցներից, որտեղ մշտապես կարևորվել է ՍԴ-ն ընդհուպ մինչև այլընտրանքային միջոց՝ Եվրոպական  դատարան չդիմելու, կարող է տեղյակ չլինել այդ մասին: Ես հուսով եմ, որ այդ գաղափարը կմնա զուտ գաղափար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ