Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նախագիծը ի ցույց դրեց կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև դատական համակարգի բարեփոխումների մասին իշխանությունների ոչ լիարժեք պատկերացումները։ Մի կողմից ակնհայտ է, որ դատարանի ստեղծումը որևէ կապ չունի բուն կոռուպցիայի դեմ պայքարի հետ, մյուս կողմից՝ ցույց է տալիս, որ Փաշինյանին պետք է առանձին դատարան, որն անմռունչ կկատարի իր բոլոր հրահանգները՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վիճահարույց գործերով։
Եվ թեև սա ներկայացվում է դատական համակարգի բարեփոխումների անվան տակ, այնուհանդերձ կառավարելի առանձին դատական կառույց ստեղծելուց զատ, սա բարեփոխման հետ որևէ կապ չունի։ Ավելին այս կառույցը լրացնելու է դատական համակարգի այն դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ։
Այս ճանապարհով ժամանակին անցել են մի շարք պետություններ, որտեղ հետագայում հարուցվել են քրեական գործեր՝ ինչպես առանձին պաշտոնյաների, այնպես էլ դատավորների նկատմամբ։ Ուկրաինայի օրինակը ամենավերջինն է, որտեղ մի շարք քրեական գործեր են հարուցված նախկին նախագահ Պ. Պորոշենկոյի և Կիևի շրջանային վարչական դատարանի նախագահի և դատավորների նկատմամբ։ Նախագահը մեղադրվում է դատարանի աշխատանքներին միջամտելու, իսկ դատավորները՝ քաղաքական էլիտայի պատվերով որոշումներ կայացնելու մեջ։ Ըստ նախաքննության տվյալների դատարանը կայացրել է որոշումներ Ուկրաինայի պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ելնելով քաղաքական որոշակի շահերից։
Եթե զուգահեռներ անցկացնենք Ուկրաինայում քննվող քրեական գործերի և մեր իրականության միջև, ապա կտեսնենք, որ դատարաններում քննվող բազմաթիվ գործեր առաջիկայում քրեական գործի հիմք են դառնալու։ Նման գործերի ցանկում են մարտի 1-ի բոլոր դրվագները, «ցուցադրական կոռուպցիոն գործերը» և բոլոր այն գործերը, որոնք առնչվում են այսպես կոչված նախկինների հետ։ Շրջանառվում են կոկրետ դատավորների անուններ և կոնկրետ գործեր, որոնցով կասկածի տակ չի դրվում դատավորների կառավարելիությունը և իշխանությունների ճնշման տակ որոշումների կայացումը։
Սա պետք է գիտակցի Մանվել Գրիգորյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որն ըստ էության երկար ժամանակ, ոչ թե դատաքննություն էր իրականացնում, այլ խոշտանգում էր կիսամեռ մարդուն։ Մնացական Մարտիրոսյանից կարծես Փաշինայնը վրեժ է լուծում տարիներ առաջ իրեն անարդար դատելու համար և օգտագործում է նրան արդեն իր նպատակների համար։ Նույնը վերաբերում է դատավորներ Արմեն Դանիելյանին, փաստաբանների կողմից ամենացածր վարկանիշ ունեցող ճանաչված դատավորին, որին մակագրվում են այն բոլոր գործերը, որոնցով կայացվում են իրավունքի հետ որևէ առչություն չունեցող որոշումներ. Արտյուշա Գաբրիելյանին, ում մակագրվում են կալանքի մասին միջնորդությունները, որովհետև դրանք անշեղորեն կայացվելու են. Աննա Դանիբեկյանին, ով մարտի մեկի գործով շարժվում է բացառապես իշխանության կողմից սահմանված ուղենիշով՝ առանց որևէ շեղման։ Այս ցանկը լրացնում են Մհեր Արղամանյանը, Տիգրան Սահակյանը, Արմեն Բեքթաշյանը, Լուսինե Աբգարյանը։
Վաղը դատավորների այս շարքը համալրելու են հակակոռուպցիոն դատարանի դատավորները, որոնք անվերապահորեն կատարելու են իշխանության ցուցումները։
Այս ճանապարհով մենք ոչ միայն տապալելու ենք մի ամբողջ համակարգ, այլև մտնելու են քրեական գործերի հորձանուտ, որում առանցքային տեղ են ունենալու պետական պաշտոնյաներն ու նրանց ազդեցության տակ գտնվող դատավորները։ Իսկ դա ավելի է թուլացնելու առանց այդ էլ խոցելի համակարգի հիմքերը։
«Իմ Ձայնը» նախագիծ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը