News.am-ը գրում է․ «Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հաստատել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածը կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։
Նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանները կբողոքարկեն Վճռաբեկ դատարան։
«Դեռեւս ոչինչ ասել չեմ կարող, նախ պետք է ուսումնասիրենք որոշումը։ Ամբողջությամբ ծանոթ չենք որոշմանը։ Դատարանի պատճառաբանությունը կոնկրետ հանգամանքի է առնչվում, որն իրավաչափ չէ, բայց եթե մերժել են մեր բողոքները, ըստ էության, դատարանը մեր նշած պատճառաբանությունները արժանահավատ չի համարել»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, բեկանել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության։
Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքարկել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։
Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք էին ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում էր հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։
Մյուս բողոքն էլ վերաբերում էր վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը