Դատարանը տեղեկանքներ պահանջեց արգելանքի տակ գտնվող գույքի արժեքի և հաշիվների վերաբերյալ
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանական կողմից պահանջեց արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպաններըն այսօր միջնորդեցին վերացնել նրանց գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու քննիչ Մուշեղյանի որոշումը պատճառաբանված չէ։ Բացի այդ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հոդվածը, որպես պատիժ, չի նախատեսում գույքի բռնագրավում։
Մեղադրող կողմն առարկեց, նշելով, որ «կալանքի տակ է ապօրինի ձեռք բերված գույքը»։ Ի պատասխան այս պնդմանը Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր գույքը դա մեկ տուն է, որը նա ստացել է պետության կողմից, և դրամական երկու հաշիվներ, որոնց գումար է փոխանցվել միայն մեկ աղբյուրից՝ ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը։
«Այդ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ չի կարող կասկածներ առաջացնել, և այդ ամենը դատարանն ունի նաև նյութերում», - ասաց Քոչարյանը։
Դատարանը անհրաժեշտ համարեց ներկայացնել արգելանքի տակ գտնվող գույքի արժեքի վերաբերյալ տեղեկանքները, դրանց սեփականության վկայականները և բանկային հաշիվների քաղվածքները։
Պահանջվող տեղեկություններն ստանալուց հետո դատարանը կորոշի՝ հնարավոր է լուծել միջնորդությունները թե ոչ։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 4-ը, ժամը 13։00։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը