ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, նրա առողջական վիճակը լավ է: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Նարինյանի փաստաբան Մհեր Հակոբյանը:
Փաստաբանը հրաժարվեց մեկնաբանել մամուլում տարածված լուրերը, որոնց համաձայն դատավորը ինքնավնասման փորձ է արել՝ կտրելով երակները: Փաստաբանի խոսքով՝ իր վստահորդը չի լիազորել իրեն խոսել դրա մասին, միայն նշեց, որ այս պահին դատավորն իրեն լավ է զգում:
Անդրադառնալով առաջադրված մեղադրանքներին՝ Մհեր Հակոբյանն ասաց, որ Գևորգ Նարինյանը չի ընդունում իրեն առաջադրված չորս մեղադրանքներից և ոչ մեկը:
Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։
Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ-ն ամբողջ պրոցեսին, ըստ էության, տեղյակ է, որովհետև ինքն է ազատությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել, բայց դժվարացավ ասել, թե ինչքանով է տեղյակ ինքնավնասման փորձին: ԲԴԽ-ից փորձեցինք ճշտել, թե ինչպես է գնահատում դատավորի այս քայլը, բայց հրաժարվեցին մեկնաբանել. միայն ասացին, որ պաշտոնական տեղեկատվությունը մի դատավորի մասով է առկա, որ նա կալանավորվել է, մյուսի մասով դեռ նորություն չունեն:
Նարինյանի փաստաբան Մհեր Հակոբյանն էլ ասաց, որ մյուս դատավորի գործը ևս նույն քրեական գործի շրջանակներում է: Ինչ վերաբերում է կալանավորումը բողոքարկելուն, փաստաբանն ասաց մարտավարությունը դեռ որոշված չէ, ուսումնասիրում են դատական ակտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը