Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հուլիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածեց մամլո հաղորդագրություն, համաձայն որի՝ որոշում էր կայացրել «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով չկիրառել միջանկյալ միջոց ՀՀ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ գտնելով, որ ՄԻԵԴ-ի կանոնակարգի 39-րդ կանոնի համատեքստում առկա չէ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հիմնարար իրավունքներին ուղղված լրջագույն սպառնալիք։
Բնականաբար, այս հաղորդագրությունը դարձավ տարաբնույթ շահարկումների և մանիպուլյացիաների առարկա, ընդհուպ մինչև՝ գործի վերնագրի փոփոխված տարբերակի մատուցում, տարբեր դատավարական գործընթացների, ինչպես՝ միջանկյալ միջոցի և բուն գանգատի քննություններն են, նույնականացում և այլն։
Վերոնշյալի հետ կապված անհրաժեշտ է արձանագրել․
· միջանկյալ միջոցի պահանջն առանձին դատավարական գործընթաց է, և անգամ հաղթանակի նվազ հավանականության պարագայում, իմ կարծիքով, դիմումատուների ներկայացուցիչը պետք է օգտվեր նաև այդ գործիքակազմից, առավել ևս, երբ բուն գանգատն առերեւույթ հիմնավոր է,
· միջանկյալ միջոցի կիրառման արդյունքում՝ հնարավոր կլիներ մեղմել ստեղծված ճգնաժամի հետևանքները․
· միջանկյալ միջոցի չկիրառումը հետևանք և ազդեցություն չունի հետագայում բուն գանգատի քննության ընթացքի վրա․
· ինչպես նախկինում անդրադարձել էի՝ գործի հիմքում առկա են հարցադրումներ, որոնց վերաբերյալ ուշագրավ կլինի ՄԻԵԴ-ի անդրադարձն իրավունքի զարգացման տեսանկյունից,
· հիմնվելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիայի վրա՝ շարունակում եմ պնդել, որ դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստի արձանագրման հավանականությունը ՄԻԵԴ-ի կողմից բավականին բարձր է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը