09 07 2020

Ի՞նչ է նշանակում ՍԴ դատավորների վերաբերյալ Եվրադատարանի որոշումը․ մեկնաբանում է սահմանադրագետը

Ի՞նչ է նշանակում ՍԴ դատավորների վերաբերյալ Եվրադատարանի որոշումը․ մեկնաբանում է սահմանադրագետը

Մարդու իրավունքներ եվրոպական դատարանը հուլիսի 8-ին որոշում է կայացրել ՍԴ 3 դատավորի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումների հարցով։ Նրանք դիմել էին իրենց իրավունքների հնարավոր խախտման հայցով։

Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, ի թիվս այլ  հարցերի՝ իրենց դիմումներում միջնորդել էին, որ Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառի և հրահանգի ՀՀ կառավարությանը կասեցնել սահմանադրական փոփոխությունները մինչև իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումների քննության ավարտը և մինչ այդ ժամկետը պահպանել նրանց պաշտոնները:

Դատարանը որոշում է կայացրել մերժել միայն միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը։ Դատարանը նշել է, այն հիմնական օրենքին լուրջ և անդառնալի վնաս հասցնելու վտանգ չի պարունակում: Իսկ իրավունքների խախտման մասով դիմումները վարույթ են ընդունվել և նշել, որ դիտարկելու է դիմումները առաջնահերթության կարգով քննելու հնարավորությունը։

Իշխանական գործիչները ՄԻԵԴ որոշումը մեկնաբանում են որպես ՍԴ դատավորների բողոքների մերժում։

Ի՞նչ է նշանակում ՄԻԵԴ որոշումը և արդյո՞ք մերժվել են դատավորների բողոքները։ Մեկնաբանություն ստանալու համար դիմեցին սահմանադրագետ Արամ Վարդևանյանին։

Նա ասաց․ «Կարճ պատասխանը՝ իհարկե՝ ոչ։ Եվրոպական դատարանը դեռևս միայն անդրադարձել է միջանկյալ միջոցին։ Առավել հասկանալի լինելու համար ասեմ՝ հայցի ապահովման միջոցը չի կիրառել։ Կան բազմաթիվ գործեր, երբ հայցի ապահովման միջոց չի կիրառվում, բայց արդյունքում վճիռ է կայացվում հօգուտ դիմումատուների։ Այս պարագայում իրավիճակը հենց այդպիսին է։

Բայց մեկ հանգամանքի վրա եմ ուզում ուշադրությունը հրավիրել․ Եվրոպական դատարանը, մերժելով հայցի ապահովման միջոցը, փաստացի հիմքում դիտարկել է այն, որ չկիրառելով այն, անդառնալի հետևանքներ դիմումատուների համար չեն առաջանում։ Անդառնալի հետևանքը գիտե՞ք որը կարող էր լինել, որ ենթադրենք եթե միջանկյալ միջոց չկիրառվեր, ապա դատավորները երբևէ չէին կարողանա վերականգնել իրենց զբաղեցրած պաշտոնին։ Այսինքն, դա անդառնալի հետևանք էր՝ իրավիճակ, որը չես կարող վերականգնել։ Եվրոպական դատարանի կողմից այս հիմքի վկայակոչումը այդ լույսի ներքո, իմ տպավորությամբ, շատ այլ մի իրավիճակ է նկարագրում։

Ընդգծեմ․ այն, որ ՄԻԵԴ-ը այս հարցի վերաբերյալ նման իրավիճակում միանկյալ միջոց երբևէ կիրառած չլինելու պայմաններում կոմունկիկացնում է գործը, այսինքն, հարցաշար է ուղարկում կառավարությանը, սա արդեն իսկ հիմք էր նախադեպ ստեղծելու, որովհետև նախկինում, հավատացած եղեք, նման դեպքերում երբևէ կոմունիկացում կառավարության հետ դուք չէիք տեսնի եվրոպական դատարանի պրակտիկայում։ Այս անգամ ականատես եղանք այլ իրավիճակի։ Սա էլ է բավականին հետաքրքիր։

Բայց, իհարկե, պետք է նկատել, որ խոսքը գնում է բացառապես միջանկյալ միջոցի, այսինքն՝ գործն ըստ էության չլուծող փասթըտթղթի մասին։ Իսկ նույն, ըստ էության լուծման համար նույնիսկ ՄԻԵԴ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ նույնիսկ քննության ընթացքում դիտարկելու են առաջնահերթություն տրամադրելու հնարավորության տարբերակը։

Սա է իրավիճակը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ