07 07 2020

Դատախազների և քննիչների ապօրինի գործողությունների համար վճարում են հարկատուները. Սարգիս Գրիգորյան

Դատախազների և քննիչների ապօրինի գործողությունների համար վճարում են հարկատուները. Սարգիս Գրիգորյան

GPARTNERS իրավաբանական ընկերություն ղեկավար Սարգիս Գրիգորյանն իր հոդվածում գրում է. 

«Տևական ժամանակ է` քննչական մարմինները հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի շրջանակներում ապօրինաբար կալանքներ են դնում տարբեր բիզնեսների ակտիվների վրա, իսկ դատախազները, առանց ստուգելու այդ որոշումների իրավաչափությունը, ընդամենը դակում են կալանքների որոշումները։ Չնայած չի կարելի բացառել, որ հենց դատախազներն են տալիս այդպիսի ցուցումներ` գույքերի նկատմամբ կալանքներ կիրառելու վերաբերյալ` առանց խորությամբ ուսումնասիրելու դրանց իրավական հիմքերը կամ կոնկրետ գործի փաստական հանգամանքները։

 

Հարկ է նշել, որ գույքերի վրա կալանք դնելու որոշումները ոչ միայն հակասում են Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, այլև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածին (օրինակ` օրինականության սկզբունք)։

 

Բնականաբար կալանք դնելու մասին որոշումները բողոքարկվում են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր դատարանները հիմնականում բավարարում են դրանք, և արդյունքում, դատախազների և քննիչների ապօրինի գործողությունների համար վճարում են Հայաստանի հարկատուները։

 Բայց սա դեռ ամենը չէ: Այստեղ կա մեկ այլ մեծ վտանգ մեր պետության համար:

 Գույքերի վրա կալանքի կիրառումը քննիչների և դատախազների կողմից իրականացվում է նաև օտարերկրյա ներդրողների նկատմամբ (առանց ուսումնասիրելու կոնկրետ գործի փաստական հանգամանքները), որոնք ընդհանրապես առնչություն չունեն այդ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի հետ։ Այսպիսով, քննիչների որոշումները հակասում են օրինականության սկզբունքին և բավարար չափով հիմնավորված չեն։

 Բայց, ամենաբարդ իրավական խնդիրը ավելի քան չորս տասնյակ միջազգային պայմանագրերի մեջ է, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից և որոնք ապահովում են մեր երկրում օտարերկրյա ներդրումների պաշտպանության ռեժիմը։ Այդ իրավական փաստաթղթերը կոչվում են ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրեր։ Այսպես, օտարերկրյա ներդրողների բոլոր ակտիվները պաշտպանված են այդ երկկողմանի համաձայնագրերով։ Այսինքն՝ Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություն՝ ապահովելու, որ իր տարածքում օտարերկրյա ներդրողների ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման կամ տիրապետման, ինչպես նաև ընկերությունների նկատմամբ, որոնցում կատարվել են այդ ներդրումները, չկիրառվեն անարդար, անօրինակ կամ խտրական միջոցներ։ Հայաստանը պետք է ապահովի իրավական պաշտպանության բարձր մակարդակ օտարերկրյա նորդրողների համար, որպեսզի վերջիններս էլ ցանկություն ունենալ ներդրումներ կատարել Հայաստանում: Ցավոք, պետք է արձանագրել, որ գույքերի վրա կալանք կիրառելու վերաբերյալ քննիչների որոշումները հենց խախտում են Հայաստանի ստանձնած վերոնշյալ միջազգային պարտավորությունները։

 Ավելին, Հայաստանը նաև ստանձնել է պարտավորություն՝ ստեղծելու և ապահովելու բարենպաստ տնտեսական և իրավական պայմաններ օտարերկրյա ներդրողների ներդրումները խրախուսելու համար։ Կարող ենք պնդել, որ վերջին երկու տարիների ընթացքում, թե՛ Կառավարությունը և թե՛ դատախազական, քննչական մարմինները չեն կարողացել ապահովել պահանջվող ներդրումային բարենպաստ իրավական միջավայրը։

 Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ներդրումային համաձայնագրերով հստակ կերպով սահմանված է նաև պահանջ, որ օտարերկրյա ներդրողների ներդրումները Հայաստանի տարածքում չպետք է «de jure» կամ «de facto» բռնագրավվեն կամ ենթարկվեն այնպիսի միջոցառումների, որոնք կունենան ազգայնացման կամ բռնագրավմանը հավասարազոր ազդեցություն:Կարող են պնդել, որ քննիչների որոշումները հենց հավասարազոր են բռնագրավման։

 Բացի դրանից Հայաստանը ստանձնել է պարտավորություն իր տարածքում ապահովելու ներդրումների պաշտպանության նվազագույն ստանդարտները, օրինակ` արդար և հավասար վերաբերմունքը: Ստանդարտի էությունն այն է, որ օտարերկրյա ներդրումներին և ներդրողին Հայաստանում տրվում է նվազագույն ստանդարտից առավել բարձր պաշտպանություն: Ավելին, արդար և հավասար վերաբերմունքը ներառում է`ներդրողի օրինական, օբյեկտիվ և խելամիտ սպասելիքների հարգանքը, արդարադատության մատչելիությունը և հիմնարար արդարադատության ապահովումը, օտարերկրյա ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ ցանկացած հիմքով խտրականության արգելքը, հանրային իշխանության չարաշահման արգելք, հակաիրավական և հակաօրինական ճնշումների արգելք, ապօրինի վարչարարության արգելք, օրինականության սկզբունքի պահպանում:

 Ներդրումները չպետք է բռնագրավվեն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով, այնպիսի միջոցառումների իրականացմամբ, որոնք հավասարազոր են էքսպրոպրիացիայի, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կատարվում են ի շահ հասարակության, անխտրական ձևով, պատշաճ փոխհատուցմամբ և օրենքով սահմանված ընթացակարգերով:

 Ավելին, միջազգային ներդրումային իրավահարաբերություններից բխող վեճերով առկա են  մի շարք նախադեպային որոշումներ, որոնցով անվերապահորեն արձանագրվել է, որ երբ ներդրողը հյուրընկալ պետության ապօրինի միջամտությունների պատճառով ամբողջությամբ կամ անգամ մասամբ զրկվում է իր ներդրումը օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու հնարավորությունից, պետության գործողությունները որակվում են իբրև անուղղակի բռնագրավում, ինչը ենթակա է փոխհատուցման:

 Այսպիսով, միանշանակորեն կարող ենք փաստել, որ կալանքի կիրառումը համարժեք է անուղղակի բռնագրավման` էքսպրոպրիացիայի, այն պարզ պատճառաբանությամբ, որ այն զրկում է օտարերկրյա ներդրողին Հայաստանում տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու սեփական գույքը, այդ թվում` բաժնեմասերը վերոնշյալ ընկերությունում: Օտարերկրյա ներդրողն ունի օրինական ակնկալիքներ, որ իր ներդրումները որևէ տեսակի կամայական, խտրական և ոչ իրավաչափ միջամտության օբյեկտ չեն դառնա և պատշաճ կերպով պաշտպանություն կստանան Հայաստանի կողմից: Հակառակ պարագայում ներդրողն իրավունք է ստանում համապատասխան պահանջ ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իսկ ներդրողին պատճառված վնասների փոխհատուցումը, որը շատ հաճախ կարող է հասնել անգամ միլիոնավոր դոլարների,  վճարվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, որը ձևավորվում է մեր երկրի հարկատուների միջոցներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ