Tert.am-ը գրում է․ «Նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորման նոր միջնորդություն է ներկայացվել: Tert.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, թե տեղյակ չէ՝ ինչի մասին է միջնորդությունը:
«Ես տեղյակ չեմ՝ ինչի մասին է, դատարանից եմ քիչ առաջ ճշտել, որ այդպիսի միջնորդություն կա, ամեն դեպքում այդ հանգամանքի վերաբերյալ կարճ ֆեյսբուքյան ստատուս եմ գրել, ներկայացված միջնորդությանը և դրա նյութերին ես դեռևս ծանոթ էլ չեմ»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ գուցե վճռաբեկ բողո՞քն է, նա պատասխանեց. «Վճռաբեկ բողոք ներկայացվել է, այս պահին կարող ենք արձանագրել, որ քրեական դատավարության օրենսգիրքը քննիչին նման լիազորություն չի տրամադրում, որովհետև նախորդ միջնորդության վերջնական քննարկում դեռևս տեղի չի ունեցել: Երևի եղանակների սրացման պատճառով նոր միջնորդություն է ներկայացվել, միջնորդության բովանդակությանը ու մնացյալին տեղյակ չեմ: Մի բան կարող ենք հստակ արձանագրել՝ այս պահին, այս փուլում, դեռևս չքննարկված նախորդ միջնորդությունը, նոր միջնորդություն ներկայացնելու որևէ հնարավորություն, իրավական հիմք սահմանված չէ, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ սա հերթական սրացման արդյունք է»:
Միհրան Պողոսյանը նաև տեղյակ չէ, թե միջնորդությունը երբ է քննարկվելու: «Այսօր նիստ է նշանակվել, հետաձգվել է. ամեն դեպքում ես հեռախոսով տեղեկացրել եմ, որ այսօր թեստ եմ հանձնել, պատասխանը վաղը պետք է ստանամ, հիմա կորոշեն հետաձգե՞լ, թե քննել, դա արդեն չգիտեմ: Ոչ մի բանի վրա չեմ զարմանա, չեմ զարմանա, եթե նույնիսկ այսօր քննարկեն»,- նշեց նա:
Ճշտող հարցին էլ՝ մեղադրա՞նքն է լրացվել, նա պատասխանեց՝ չի կարող ասել, ամեն դեպքում քննիչի կողմից նոր մեղադրանքի որոշում պաշտպաններին չի հանձնվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը